Սիրիական ճգնաժամի լուծումը ազգային հաշտեցումն ու ազատ ընտրություններն են, որոնք պետք է անցկացվեն կողմերի համաձայնությամբ: Այս մասին Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
IRNA գործակալության փոխանցմամբ` Իրանի նախագահը նշել է, որ սիրիական խնդիրը շատ կարևոր է ու բարդ: Նրա խոսքով` Սիրիայի ցեղային հասարակությունը գործոն է, որը հարցն ավելի է բարդացնում:
«Իր առաջնորդներին ընտրելը ժողովրդի իրավունքն է, և այդ իրավունքը պետք է լինի ազգային հաշտեցման շրջանակում»,- ասել է Ահմադինեժադը:
Ահամդինեժադը հիշեցրել է, որ Իրանն առաջարկել է ստեղծել կոնտակտային խումբ սիրիական հարցի կարգավորման համար, որը կհամոզի կողմերին ազատ ընտրություններ անցկացնել:
Այն հարցին, թե սիրիական հարցը կլուծվի՞, եթե Ասադը հրաժարվի իշխանությունից, Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին:









































