Հոկտեմբերի 1-ին Վրաստանը 4-ամյա ժամկետով կընտրի 150 պատգամավորից կազմված նոր խորհրդարան: Այս ընտրությունները առանձնահատուկ ուշադրության են արժանանում, քանի որ 2013-ին, երբ լրանա Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնավարման երկրորդ և վերջին ժամկետը և նրան փոխարինի նոր նախագահ, կգործեն սահմանադրական նոր դրույթներ, որոնց համաձայն` վարչապետի դերը զգալիորեն կաճի նախագահի լիազորությունների կրճատման հաշվին: Այս մասին հաղորդում է Trend.az-ը:
2013-ին նոր վարչապետին կներկայացնի հենց հոկտեմբերի 1-ի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած կուսակցությունը կամ դաշինքը, որին այնուհետև այդ պաշտոնում կհաստատի օրենսդիր մարմինը` առնվազն 76 ձայնով:
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կկայանա ԿԸՀ կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո` 20 օրվա ընթացքում: Նոր խորհրդարանն իր գործունեությունը կսկսի Քութայիսում` Թբիլիսիի փոխարեն, որտեղ ներկայումս իրականացվում է խորհրդարանի շենքի նիստերի դահլիճի ապամոնտաժում:
Խորհրդարանական ընտրություններին կհետևեն 50 տեղական և 61 միջազգային կազմակերպություններ: Ընտրությունները կլուսաբանեն 138 տեղական և արևտասահմանյան ԶԼՄ-ներ:
Նույն օրը Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում կանցկացվեն Գերագույն խորհրդի ընտրություններ: 21 անդամից 6-ը կընտրվեն մեծամասնական կարգով, մնացած 15 մանդատը կստանան այն կուսակցություններն ու դաշինքները, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը: Մանդատների համար կպայքարի 7 կուսակցություն ու դաշինք:









































