«ՀԱԿ-ի` վերջին շրջանում կատարած գործողությունները խիստ բացասական եմ գնահատում». այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
«ՀԱԿ-ն անցել է խորհրդարանական պայքարի տեսակին, մինչդեռ ճիշտը, իմ կարծիքով, հանրահավաքներն էին: Այսօր մեզ շատ են մեղադրում այն հարցում, թե ինչու ՀԱԿ-ը թեկնածուներ չառաջադրեց ՏԻՄ ընտրություններում, բայց հավատացեք` որքան դժվար է ամբողջ երկրում իշխանափոխություն անելը, նույնքան դժվար է մի ամբողջ գյուղ կառավարելը :
Ընտրությունների ժամանակ ամենակեղտոտ գործն այսօր անում է ոստիկանությունը: Որքան էլ ոստիկանապետ Վովա Գասպարյանը ելույթներ ունենա, թե ոստիկանությունը անաչառ է, անկողմնակալ, միևնույն է` դա չի համապատասխանում իրականությանը: Ոստիկանները շատ դեպքերում շրջափակում են շենքը, կուտակվում ընտրատեղամասերի առաջ, այդ պատճառով մարդիկ վախվորած մտնում են քվեախցիկ և քվեարկում են ոչ թե խղճով և սեփական կարծիքով, այլ վախի զգացումով»,- նշեց Մակեյանը:
Մակեյանը անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի վերջին ելույթին և նշեց, որ նախագահը պետք է ոչ թե ելույթներ ունենա, այլ գործ անի: ԺՀԿ առաջնորդի կարծիքով` ՀԱԿ-ն այսօր միայնակ չի կարող իշխանափոխություն կատարել, սակայն ռեալ այլընտրանքային ուժ ստեղծելով` ամեն ինչ էլ հնարավոր է:
Խոսելով հարևան Վրաստանի մասին` Մակեյանը նշեց, որ «նրանք մեզնից բեթար երկիր էին, բայց տարիների ընթացքում կարողացան ստեղծել օրենքի երկիր»: Լրագրողների հակադարձմանը, թե`վրացական բանտերում վերջերս սարսափելի բաներ են կատարվում, Մակեյանը պատասխանեց` մեր բանտերում վիճակն ավելի վատ է:
Ինչ վերաբերում է ՀԱԿ ակտիվիստների դատավճռին, Մակեյանը նշեց, որ դա միանշանակ քաղաքական պատվեր է: Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ՀԱԿ-ը փոխզիջումների գնա, եթե վերաքննիչ դատարանը մերժի նրանց բողոքը, Մակեյանը պատասխանեց . «Էլ ի՞նչ զիջի, 7 տոկոսից այն կողմ էլ զիջելու բան չկա: Սերժ Սարգսյանը պարզապես ընտրություններից առաջ փորձում է զսպել ընդդիմադիր ակտիվիստներին, թե չէ` էլ ինչի՞ էր նրան պետք երիտասարդներին ձերբակալելը»:










































