ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դարձել է հումորային կեղծ հեռախոսազանգի «զոհ»: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Կանադացի երկու կատակերգուներ Սթիվեն Հարփերի անունից զանգահարել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և մոտ 5 րոպե խոսել նրա հետ: «Կանադայի վարչապետը» ներողություն է խնդրել Պան Գի Մունից այն բանի համար, որ չի կարող այցելել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիպմանը: Որպես արդարացում կատակերգակները հայտնել են ծայրաստիճան զբաղվածությունը՝ կապված սանրվածքը սուպերսոսինձով կարգի բերելու հետ: Նրանք նաև գլխավոր քարտուղարին խնդրել են դիմել Հոկեյի ազգային լիգայի հանձնակատար Գերի Բեթմենին և աջակցել Քվեբեկի հոկեյի թիմի ստեղծմանը:
Պանի Գի Մունի պաշտոնական ներկայացուցիչը ճանաչել է խաղարկման փաստը և հայտարարել, որ կազմակերպության գլխավոր քարտուղարն այն ընդունել է հումորով: Նա նաև նշել է, որ նման կատակները Պան Գի Մունից ժամանակ են խլում, իսկ նա շատ զբաղված է Գլխավոր ասամբլեայի նստաշրջանով:
Կատակերգուներից մեկի՝ Մարկ-Անտուան Օդետի խոսքով՝ Պան Գի Մունի հետ կապ հաստատելը եղել է բավականին հեշտ, մինչդեռ իրենք դրա համար մի քանի օր էին նախատեսում: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Մարկ-Անտուան Օդետը և Սեբաստիան Տրյուդելը կազմում են «Դիմակավորված վրիժառուները» դուետը: Նրանք հայտնի են նշանավոր մարդկանց, գործարարների և քաղաքական գործիչների խաղարկային հեռախոսազանգերով: Նախկինում նրանց «զոհերն» են դարձել Նիկոլա Սարկոզին, Ժակ Շիրակը, Սառա Փելինը, Բիլ Գեյթսը և այլք:






































