Այսօր առավոտյան Երևանի Շենգավիթ համայնքի դպրոցներում և մանկապարտեզներում երեխաներին հայտնել են, որ նրանց ծնողները մինչ վաղը առավոտ պետք է փաստաթուղթ ներկայացնեն երեխաների բնակության վայրի մասին: Ընդ որում, ծնողներին այդպես էլ չեն տեղեկացնում` ինչո՞ւ է անցկացվում հաշվառման այս գործընթացը, միայն նշում են, որ տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետը լրանում է ուրբաթ օրը:
Հատկացված շատ կարճ ժամանակով է պայմանավորված այսօր անձնագրային վարչության Շենգավիթի մասնաճյուղում գոյացած մեծ հերթը:
Ոստիկանության անձնագրային բաժնից երեխայի գրանցման մասին տեղեկանք ստանալու համար պահանջվում է ներկայացնել ծնողներից մեկի անձնագիրն ու սոցիալական քարտը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տան սեփականատիրոջ կողմից ստորագրած համաձայնագիրն այն մասին, որ նա թույլ է տալիս երեխային բնակվել իր բնակարանում, և դիմում`սահմանված ձևաչափով: Ի դեպ, դիմումի ձևաթուղթը վաճառվում է անձնագրային վարչության մասնաճյուղին կից պատճենահանման կրպակում. ձևաթղթի մեկ օրինակն արժե 200 դրամ:
Անձնագրային գրասենյակի տնօրենը ևս չպատասխանեց հարցին, թե ինչ նպատակով է կատարվում երեխաների հաշվառումը: Նա միայն ասաց, որ այս գործընթացը անցկացվելու է ամբողջ հանրապետությունում` պետական որոշմամբ:
Քանզի դիմումները չափազանց մեծ թիվ էին կազմում, և անհնար էր բոլոր դիմողներին սպասարկել այսօր, որոշում ընդունվեց երեք օրով հետաձգել տեղեկանքների ընդունման վերջնաժամկետը և հեշտացնել դիմումների ձև:








































