Իսրայելն այսօր փակել է իր օդային տարածքը և տրանսպորտային հաղորդակցությունը սահմանների վրա՝ կապված հրեական օրացույցի կարևորագույն օրերից մեկի՝ Յոմ Կիպուրի հետ: Դա թարգմանվում է որպես Դատաստանի օր, քանի որ համարվում է, որ հենց առաջիկա օրերին Բարձրյալը «դատավճիռ» կկայացնի գալիք տարվա համար:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Յոմ Կիպուրը կսկսվի արևը մայր մտնելուն պես և կավարտվի հաջորդ օրվա մայրամուտին: Սակայն տեղական ժամանակով ժամը 13:00-ին արդեն փակվել են երկրի օդային տարածքը, նավահանգիստները և ցամաքային անցակետերը: Նախատեսվում է, որ իրենց աշխատանքները կդադարեցնեն ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտը, ռադիոն և հեռուստատեսությունը, կփակվեն բոլոր առևտրական և զվարճանքի հաստատությունները: Պաղեստինյան տարածքներում մեկ օրով սահմանվում է մեկուսացման ռեժիմ, իսկ մուսուլմանական բնակչություն ունեցող թաղամասերում ուժեղացվում են անվտանգության միջոցառումները, քանի որ արաբները չեն հետևում Դատաստանի օրվա ավանդույթին, ինչը երբեմն հանգեցնում է բախումների:








































