Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» դիմակայությունը, որն ավարտվեց «մանկունյանցիներ»-ի՝ 2:1 հաշվով առավելությամբ:
«Մենք հասանք գոհացուցիչ արդյունքի, բայց լավ խաղ ցույց չտվինք: Առաջին կեսում «Լիվերպուլ»-ն ավելի լավ էր խաղում: Անկեղծ ասած՝ հիասթափված էի մեր խաղից:
Դրանից հետո սկսեցինք ավելի շատ տիրել գնդակին, սակայն մրցակիցը խաղում էր 10 հոգով, այնպես որ պետք է հարգենք նրանց:
Սակայն հաղթանակը հաղթանակ է: Մենք գոհ ենք արդյունքից, բայց ոչ խաղից:
Կարծում եմ՝ Շելվին խաղադաշտը լքելիս մեղադրում էր ինձ: Եթե ցանկանում է ներողություն խնդրել, խնդիր չկա:
Ինչ վերաբերում է 11 մետրանոցին, ապա հնարավորթյուն չունեի այդ դրվագը տեսնելու: Վալենսիան տուգանային հրապարակում էր. կարծում էի՝ փոխանցում կկատարի կա՛մ Գիգսին, կա՛մ Պերսիին, բայց որոշեց միայնակ գործել ու վայր ընկավ: Սակայն համոզված չեմ այդ դրվագի վերաբերյալ»,- Sky Sports-ը մեջբերում է Ֆերգյուսոնի խոսքերը:








































