Հարավկովկասյան երկաթուղիների (ՀԿԵ) տվյալների համաձայն՝ այս տարի Վրաստանում հանգստացող մեր հայրենակիցների թիվը 8,500-ով ավել է եղել անցած տարվա համեմատ. «Ներկա դրությամբ արդեն 48,730 հոգի մեկնել է Երևան-Բաթում ֆիրմային գնացքով: Անցած տարի մեկնածների թիվը 40,200 է եղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀԿԵ «Երևան» կայարանի տնօրենի տեղակալ Աշոտ Հունանյանը: Վերջինիս կարծիքով՝ մարդիկ ավելի շատ նախընտրում են օգտվել գնացքից, քան տրանսպորտային այլ միջոցներից, քանի որ գնացքներն ավելի հարմարավետ, անվտանգ և մատչելի տրանսպորտային միջոց են:
Աշոտ Հունանյանի խոսքերով՝ տոմսերի արժեքը տատանողական է. միջազգային պայմանագրի համաձայն՝ հաշվվում է շվեյցարական ֆրանկի կուրսով, ըստ այդմ էլ՝ տարբեր ամիսներին տարբեր է. «Սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ պլացկարտ վագոնն արժե 10,250 դրամ, մեկ կուպեն՝ 13,820, բարձրակարգ հարմարավետությամբ կուպեն՝ 15,930, երկու տեղանոցը՝ 24,470 դրամ: Իսկ երեխաների դեպքում՝ մինչև 5 տարեկանը անվճար է, 5-10 տարեկանը զեղչով է, 10 տարեկանից բարձր՝ արդեն մեկ լրիվ տոմս»:
Նշենք, որ ուղևորափոխադրումը սկսվել է հունիսի 15-ից, գնացքը Երևանից մեկնում է ամեն օր՝ ժամը 15:15-ին, իսկ 07:25-ին լինում է Բաթումում:











































