Հունգարիայից Ադրբեջանին արտահանձնված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն այժմ գտնվում է ծառայողական արձակուրդում, որի ավարտվելուց հետո կվերադառնա ծառայության: Այս մասին ադրբեջանական SalamNews գործակալությանը հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ գեներալ-մայոր Ռամիզ Նաջաֆովը:
Նրա գնահատականով՝ ներում շնորհելով Սաֆարովին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարդասիրական քայլ է կատարել: Նախարարի խորին համոզմամբ՝ թեև Սաֆարովը հանցագործություն է կատարել, Հունգարիայի դատարանը նրա նկատմամբ չափազանց խիստ պատիժ է սահմանել, մինչդեռ Ադրբեջանի օրենքների համաձայն՝ նման դեպքում նրան կդատապարտեին 15 տարվա ազատազրկման:
«Ռամիլ Սաֆարովը կրել է պատժաչափի կեսից ավելին և Ադրբեջանի սահմանադրութան համաձայն՝ պատժի կեսից ավելի կրած մարդը կարող է ազատ արձակվել կամ ներման արժանանալ»,- ասել է գեներալ-մայորը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով դաժանորեն սպանած և Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջանին: Նույն օրը Ադրբեջանի նախագահի հրամանով նրան ներում շնորհվեց, իսկ պաշտպանության նախարարը նրան մայորի կոչում շնորհեց և բնակարան նվիրեց:









































