Երեկ` սեպտեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19-ի սահմաներում Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիսի տարածաշրջանի Կախակն գյուղի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները նշված գյուղի տներից մեկում հայտնաբերել են 53-ամյա Միխայել Ցականյանի դին` գլխի և մարմնի մասում բազմաթիվ վնասվածքներով:
Ոստիկանները պարզել են, որ Ցականյանին ծեծի է ենթարկել նրա որդին` 28-ամյա Ռուբեն Ցականյանը: Վերջինս հորը հարվածները հասցրել է նաև «ՒԺ» տիպի որսորդական հրացանի կոթով և հրացանի փողով: Գ. Շամշյանը հայտնում է, որ որսորդական հրացանը գրանցված է սպանվածի անունով: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր Օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (սպանությունը անձի կամ նրա մերձավորի, կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, որը կատարվել է առանձին դաժանությամբ) հատկանիշներով:
Հայրասպան որդին քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Իսկ հրացանը քննիչի որոշմաբ առգրավվել է:








































