Քաղաքային տնտեսության կառավարման մի շարք ոլորտներում ընթացող բարեփոխումների շրջանակում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Վահե Նիկոյանը նշել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:
«Երևանի քաղաքապետը բազմիցս է նշել, որ քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև առկա են հաջողված համագործակցության օրինակներ»,-նշել է քաղաքապետի տեղակալը:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` Ֆրանսիական զարգացման գործակալության ասիական բաժնի փոխտնօրեն Լորեն Ամարը նշել է, որ իրենք հատկապես հետաքրքրված են տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ և մատնանանշել է այն հիմնական ուղղությունները, որտեղ գործակալությունն ակնկալում է քաղաքապետարանի հետ ակտիվ փոխգործակցություն: Մասնավորապես առանձնացվել են հասարակական տրանսպորտի, ջրամատակարարման ու ջրահեռացման, ինչպես նաև վարչական շրջանների բարեկարգման ու աղբի և կոշտ թափոնների մշակման ոլորտները:
Վահե Նիկոյանն իր հերթին ընդգծել է, որ քաղաքապետարանի կողմից մշտապես աշխատանքներ են տարվում նշված ոլորտներում բարեփոխումների ծրագրերի մշակման ուղղությամբ և այժմ էլ, ակնկալվում է, որ այդ ուղղությամբ Ֆրանսիական զարգացման գործակալության հետ համագործակցության շրջանակում կիրականացվեն հստակ ծրագրեր:









































