Հանրապետության 21-րդ տարեդարձի առթիվ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել խոսքով
Հայաստանի Հանրապետության 21-րդ տարեդարձը վերջնական ճշմարտության իմ պահն է: Այս պահը կարող է սահմանել և զատորոշել մեզանից յուրաքանչյուրին, կամ էլ առավելագույնս մշակել մարդկային ընդհանուր հայտարարներ: Բազում տարբերությունների այս աշխարհում ես հակված եմ վերջինին:
Ես հաջորդ 100 օրը կնվիրեմ հինավուրց Հայաստանի ժամանակակից պետության նախագահության` քաղաքացիական համոզիչ թեկնածության ձևավորմանը: Նա, ով ի վերջո կդառնա 2013թ. արշալույսին նախատեսված այդ հավաքական պայքարի կրողը՝ ես, թե մեկ ուրիշը, պետք է կյանքի կոչի մի քանի հիմնական պահանջներ:
Մեր օղակված հայրենիքը, որտեղ ես չեմ ծնվել, բայց ուր քսան տարուց ավելի է՝ վերադարձել եմ, պետք է անցկացնի 1991թ. հետխորհրդային անկախությունից ի վեր իր առաջին ժողովրդավարական ընտրությունները: Հայաստանը կարիք ունի նոր` de jure նախագահի:
Նոր վարչակազմը կաշխատի նախագահության մեկ շրջան. չորրորդ նախագահը չի վերընտրվելու:
Հաջորդ հինգ տարիների ընթացքում հայ ժողովուրդը կհրավիրի Սահմանադիր ժողով, կհռչակի խորհրդարանական հանրապետություն, կպարտադրի օրենքի գերակայություն, կառանձնացնի իշխանության ճյուղերը և կդարձնի նրանց հաշվետու, կտարանջատի մեծ բիզնեսը հանրային կառավարումից, կպաշտպանի քաղաքացիների իրավունքները, կվերացնի պաշտոնյաների անձեռնմխելիությունը, հատուկ դատախազի լիազորությունների միջոցով նախագահությունից սկսյալ մինչև ամենաստորին օղակները հիմնովին արմատախիլ կանի կոռուպցիան, կաշառակերությունը և շահերի բախումը: Մարդու իրավունքի գերակայության հարցում ոչ մի բացառություն չի լինելու:
Հայաստանում բնակվող յուրաքանչյուր ոք՝ լինի էթնիկ հայ կամ փոքրամասնության ներկայացուցիչ, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներից յուրաքանչյուրը կապահովվեն քաղաքացիություն ստանալու հավասար պայմաններով և կօժտվեն դրանից բխող համապատասխան բոլոր պարտականություններով ու իրավասություններով՝ ներառյալ ընտրական, արժանապատիվ կյանքի և մահվան, պատշաճ ընթացակարգերի, օրենքի առջև հավասարության ու պաշտպանվածության իրավունքները:
Հայրենիքը և Սփյուռքը համատեղ կգտնեն ժամանակակից բանաձև` պետականաշինության, տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի հանդեպ բարեխղճության, քաղաքացիների բարեկեցության և համաշխարհային գործերի ներուժային մասնակցության համար:
Համեստորեն, բայց ինքնավստահ, Հայաստանը կդարբնի, կշրջանակի և պատկան կդարձնի իր ազգային կենսական շահերն ու միջազգային հրամայականները:
Հանրապետությունը պետք է փայփայի իր ինքնիշխանությունը և տարածաշրջանում ու աշխարհում անմիջապես դառնա ռազմավարական հավասարակշռության իրական խթանիչը: Նա պետք է վերակառուցի Ռուսաստանի Դաշնության հետ իր անպատեհ ուղղահայաց հարաբերությունները` հասնելու համար համագործակցության, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հորիզոնական մակարդակի և դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականության ուղղություններն առանձին, բայց համարժեք կապերով ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի, Չինաստանի ու Հնդկաստանի, բարելավված Վրաստանի, նորացված Իրանի և մեծ Միջին Արևելքի հետ:
Նախագահության կեսին` 2015թ. ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի օրը արժե, որ Թուրքիայի Հանրապետությունն իր մեջ քաղաքական խիզախություն և բարոյական տոկունություն գտնի՝ կամրջելու հայ-թուրքական վիհը, ճանաչելու մարդկության հանդեպ գործած այդ աննախադեպ ոճիրն ու հաստատելու հաշտություն՝ ճշմարտության ընդունման և էական փոխհատուցման հիման վրա խարսխված հարաբերությունների բնականոնացման ճանապարհով: Հաղթահարելով իր մեջ արմատացած ժխտողականության ժառանգական գիծը՝ Թուրքիան պատասխանատվություն պետք է ստանձնի` առանց հնացած արձանագրությունների ու այլ պայմանականությունների հղման հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, վերացնելով Հայաստանի շրջափակումը և բանակցությունների ուղենշային գործընթաց սկսելով հայ ժողովրդի հետ՝ մարդկության բաց վերքը փակելու, մասնավոր ու հավաքական իրավունքները վերականգնելու և դեպի Ազգային օջախ վերադարձի երաշխավորված ծրագիր ապահովելու համար: Անկարայի նախկին մոտեցման մեջ էական փոփոխության բացակայության դեպքում Երևանը նույն օրը կհրապարակի իր սեփական պահանջներն ու նախապայմանները: Դրան զուգահեռ` մեր մայրաքաղաքում հուշարձան կկանգնեցվի ի պատիվ բոլոր այն արդարամիտ թուրքերի ու քրդերի, ովքեր Ցեղասպանության ժամանակ փրկեցին հայերի, այդ թվում նաև` իմ մեծ մոր կյանքը:
Նախքան նշաձողային ընտրությունների անցկացումը, որը հանրային ծառայության կբերի նոր խորհրդարանին, վարչապետին, ապաև նախագահին, Հայաստանի չորրորդ վարչակազմը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը` յուրաքանչյուրն իրեն համապատասխանող օրինավոր և հետբոլշևիկյան տարածքային ամբողջականության հենքի վրա: Sui generis արհեստածին սկզբունքը (Կոսովոյի կամ որևէ այլ պարագայում) պատասխանատվությունից խուսափումն է կամ, լավագույն դեպքում, իրավական մանիպուլյացիան` ուժի ցուցադրության նպատակով, ուստիև միջազգային հանրությունը նույնպես պետք է ինքնամաքրվի և օրենքի գերակայությունը տարածի այս հիմնահարցի վրա ևս: Բոլոր ազգերի բոլոր փախստականներին այդ դեպքում կարող է թույլ տրվել անվտանգ իրականացնելու իրենց հայրենադարձությունը: Սակայն քննարկումից դուրս ու բյուրեղի պես պարզ է, որ Արցախն այլևս երբեք չի տառապի ավատատիրական մի վարչակարգից, որը պանծացնում է կացնահարող մարդասպաններին և օրը ցերեկով ավերում մշակութային այնպիսի գանձեր, ինչպիսիք են Ջուղայի միջնադարյան գերեզմանների խաչքարերը:
Հայաստանը` իբրև արևմտյան քաղաքակրթության անտիկ սկզբնաղբյուր, կդառնա Եվրոպական Միության անդամ ոչ այս ժամանակաշրջանում, այլ հաջորդող կառավարության օրոք: Կրթված երիտասարդ ուղեղային ուժի և քաղաքացիականապես ակտիվ, խոստումնալից սերնդի առաջնորդությամբ վերջապես ազգին կպատկանի մի Սահմանադրություն, որն այլևս չի լինի լոկ երազանքների ու հայտարարությունների փաստաթղթավորում: Այն տերը կդառնա գործուն խորհրդարանական հանրապետության: Այն խորին պատկառանք կտածի սեփական ինքնիշխանության և շահերի, ինչպես նաև իր քաղաքացիներին ի ծնե տրված իրավունքի նկատմամբ:
Եվ այն կակնկալի, որ Եվրոպան ու աշխարհը կանեն նույնը:
Այս կետերը` վիպական կամ վերջապես իրական, կուրվագծեն Հայաստանի ներքին չափանիշներն ու աշխարհաքաղաքական կարողականությունը կանխատեսելի ապագայում: Ավելի ուշ ես կարող եմ մի քանի այլ բան ավելացնել, հատկապես այն իրողությունների լույսի ներքո` լինեն դրանք կոշտ, թե փափուկ, որոնք բխելու են բոլոր ժամանակների ամենաառանցքային առաջիկա ընտրությունից:
Իսկ մինչ այդ` շնորհավոր բոլորիս տոնը: Դրան արժանի լինենք միասին:










































