Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան իր տեսակետն է հայտնել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Սպարտակ»-ի հետ հանդիպմանը երկրպագուների վարքի վերաբերյալ:
Խաղի ընթացքում «կապտանռնագույներ»-ի երկրպագուները վանկարկում էին` պահանջելով Կատալոնիայի անկախությունը:
«Երկրպագուները կոչ էին անում անջատել Կատալոնիան Իսպանիայից: Մարդիկ ազատ են և իրավունք ունեն արտահայտելու այն, ինչ ցանկանում են: Թողնե´նք, որ նրանք անեն դա»,- ասել է Վիլանովան:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախացման օգտին օրերս արտահայտվել է նաև կատալոնական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:










































