Նրանք, ովքեր կարծում են, թե Ադրբեջանը կարող է հիմա պատերազմ սկսել Հայաստանի դեմ, ակնհայտ է, որ պարզ չեն պատկերացնում պատմությունը: Այն, ինչ Սարաևոյում տեղի ունեցավ, միայն առիթ էր, իսկ պատերազմի պատճառը գոյություն ուներ մինչ այդ: Սաֆարովի գործը պատերազմի առիթ կլիներ, եթե պատերազմ սկսելու համար պատճառ լիներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հավանականությանը:
«Սաֆարովը Հայաստանի ու Ադրբեջանի ուժային հավասարակշռությունում ոչինչ չի փոխել: Եթե Ադրբեջանը կարծեր, որ կարող է պատերազմ սկսել ու հաղթելու 80 տոկոս հավանականություն ունենար, ապա կսկսեր: Առիթ միշտ էլ հնարավոր է գտնել՝ ցանկացած փոխհրաձգություն, ցանկացած հայտարարություն»,- ասաց քաղաքագետը:
Նրա համոզմամբ՝ պատերազմի հավանականություն չկա, քանի որ դրա համար բոլորովին այլ պայմաններ են անհրաժեշտ՝ ուժերի հավասարակշռություն, մարտունակ բանակ, տնտեսության, քաղաքական էլիտայի համապատասխան վիճակ:
Ըստ նրա՝ դա չի նշանակում, թե պատերազմի վերսկսում հնարավոր չէ, սակայն Սաֆարովը դրա հետ առնչություն չի կարող ունենալ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































