Ադրբեջանական ANS Press-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանն անցանկալի անձանց «սև» ցուցակում է ներառել ամերիկացի ու շվեյցարացի հանրահայտ տիեզերագնացներ Չառլզ Դյուկին ու Կլոդ Նիկոլիեին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ տիեզերագնացներին «սև» ցուցակում ընդգրկելու պատճառն այն է, որ նրանք «ապօրինի ներթափանցել են Ադրբեջանի օկուպացված տարածքներ», ինչը նախապես համաձայնեցված չի եղել ադրբեջանական կողմի հետ: Աբդուլաևը հայտարարել է, որ իրենց դիրքորոշումը սկզբունքային է, և իրենք կշարունակեն այդպիսի այցեր կատարողներին ընդգրկել անցանկալի անձանց իրենց «սև» ցուցակում:
Նշվում է, որ տիեզերագնացները սեպտեմբերի 16-ին ԼՂՀ-ում մասնակցել են «Մարդը և տիեզերքը» կոնֆերանսին: Չառլզ Դյուկը հանդիսանում է Լուսնի վրա ոտք դրած ամենաերիտասարդ տիեզերագնացը, իսկ Կլոդ Նիկոլիեն՝ տիեզերքում եղած միակ շվեյցարացին:






































