Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ավելացել է Բինգյոլի (Բյուրակն) շրջանում թուրքական ռազմական ավտոշարասյան վրա Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) իրականացրած հարձակման զոհերի թիվը: Սկզբնական շրջանում նշվում էր, թե այդ հարձակման հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել ավելի քան 30 զինծառայող:
Սակայն Բինգյոլի նահանգապետ Մուսթաֆա Հաքան Գյուվենչերը նոր տվյալներ է հրապարակել այդ հրթիռակոծությունից տուժածների մասին, որոնք նույնպես դեռ վերջնական չեն: Ըստ նահանգապետի՝ PKK-ի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել է 63 զինծառայող: Վիրավոր զինծառայողներից 34-ին տեղավորել են Բինգյոլի հիվանդանոցում, իսկ մնացածին՝ Մուշի և Սոլհանի հիվանդանոցներում:






































