ԱՄՆ գործող նախագահ, վերընտրվել պատրաստվող Բարաք Օբաման շարունակում է իր ժողովրդականությամբ առաջ անցնել մրցակից` հանրապետական Միթ Ռոմնիից: Այս մասին են վկայում Reuters գործակալության և Ipsos սոցիոլոգիական ծառայության համատեղ հարցումների տվյալները,- տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Ըստ տվյալների` եթե հենց այսօր անցկացվեին ընտրություները, ապա Օբամային իրենց աջակցությունը կհայտներ ընտրողների 48 տոկոսը, իսկ Ռոմնիին` 43 տոկոսը: Անցած հինգշաբթի դեմոկրատ և հանրապետական թեկնածուներին աջակցող ընտրազանգվածը կազմել է համապատասխանաբար 48 և 41 տոկոս:
Մասնագետները նաև պարզել են, որ գրանցված ընտրողների 37 տոկոսը երկրի տնտեսության վերականգնման Օբամայի ծրագիրը համարում է ավելի լավը, քան Ռոմնիինը: Ռոմնիի տնտեսական ծրագրին հավանություն տվողները կազմում են 34 տոկոս:
Հարցվածների 40 տոկոսը աջակցություն է հայտնել աշխատատեղեր ստեղծելու և գործազրկության դեմ պայքարի ուղղությամբ Սպիտակ տան ներկայիս ղեկավարի քաղաքականությանը: Այդ հարցում Ռոմնիին աջակցում է ընտրողների 36 տոկոսը: Հարցվածների 34 տոկոսը հայտնել են սակայն,որ հանրապետական թեկնածուն ավելի լավ կկարողանա լուծել բյուջետային դեֆիցիտի հարցը, ինչը դեմոկրատ Օբամայից ակնկալում է հարցվածների 29 տոկոսը:
Հարցումներն անցկացվել են համացանցում սեպտեմբերի 12-17-ը 591 մարդու շրջանում:











































