««Իմպուլս» ռադիոընկերությունը հեղինակային իրավունքի տեսանկյունից գործում է ՀՀ-ում ընդունված օրենսդրական նորմերի հիման վրա, այլ տիպի վերաբերմունք հեղինակային իրավունքին, քան նախատեսված է օրենսդրությամբ, ռադիոկայանը չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց ռադիոընկերության ծրագրերի տնօրեն Գարեգին Խումարյանը:
Թեև ռադիոկայանները պետք է երգերի հեղինակներին վճարեն որոշակի գումար, սակայն, Գ. Խումարյանի խոսքով, Հայաստանում չի գործում այնպիսի մեխանիզմ, որ դա նորմալ իրականացվի:
Ըստ նրա՝ մի քանի նախադեպ եղել է կազմակերպություններ ստեղծելու, որոնց միջոցով պետք է հեղինակներին վճարում արվի: Այսինքն՝ կայանը պետք է պայմանագիր կնքի կազմակերպության հետ և ամեն ամիս տա համապատասխան գումար երգերի հեռարձակման համար:
«Սակայն խնդիրն այն է, որ ՀՀ-ում չկա այնպիսի կազմակերպություն, որը կմիավորեր բոլոր հեղինակներին: Նախկինում այդ գործառույթն իրականացնում էր Մտավոր սեփականության գործակալությունը, բայց հետո այն իր աշխատանքն այդ մասով դադարեցրեց և հեղինակներին առաջարկեց սեփական ուժերով գործը գլուխ բերել: Կա մի կազմակերպություն՝ «Հայհեղինակ» ՀԿ-ն, որը փորձում էր հեղինակների իրավունքները պաշտպանել, բայց իր մոտ էլ չէր ստացվում դա, որովհետև ոչ բոլոր հեղինակներն էին ՀԿ անդամներ: Ու երբ իրենք փորձում էին ներկայանալ բոլոր հեղինակների անունից, շատ հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվում»,- ասաց Գ.Խումարյանը, հիշեցնելով, որ մի քանի տարի առաջ տվյալ ՀԿ-ն դատական գործընթաց նախաձեռնեց մի քանի ռադիոկայանների դեմ, այդ թվում՝ «Իմպուլսի», բայց դատն ավարտվեց հօգուտ կայանների:
«Մի այլ արտառոց խնդիր կա. ասում ես՝ լավ, ովքե՞ր են ձեր անդամները, որ նրանց եթեր չհեռարձակենք, ասում են՝ ես չեմ կարող գործել ի վնաս մեր հեղինակների և իջեցնել նրանց վարկանիշը: Ու դրանով ամեն ինչ վերջանում է»:
Ըստ Գ.Խումարյանի՝ շատ տարօրինակ է նաև ֆինանսական առաջարկը՝ ռադիոկայանի շրջանառությունից ամսական վճարել 2-3%, որը շոշափելի գումար է. «Այսինքն՝ պետությունից բացի՝ մի կառույց է հայտնվում, որը չաշխատած փողից է ուզում գանձումներ անել:
Ռադիոկայանները դատը հաղթեցին և ամեն ինչ մնաց այնպես, ինչպես կար: Կան հեղինակներ, որոնք շատ հետևողական են իրենց հեղինակային իրավունքների պաշտպանության հարցում և անձամբ են գնում ու աշխատում կայանների հետ: Սակայն մեզ նրանց երգացանկը հետաքրքիր չէ, և չենք աշխատում նրանց հետ»:









































