«Վիլյառեալ»-ի և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Ջուզեպե Ռոսին պատրաստ է ընդունել Ռուսաստանի Պրեմիեր լիգա տեղափոխվելու առաջարկները: Այդ մասին հայտարարել է ֆուտբոլիստի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Պաստորելոն:
«Հունվարին բանակցություններ կվարենք մի քանի ակումբների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի: Առաջիկա օրերին Ջուզեպեն պետք է ևս մեկ անգամ ծնկի վիրահատության ենթարկվի: Իրադարձությունների հաջող ընթացքի դեպքում Ռոսին կարող է խաղադաշտ վերադառնալ փետրվարին: Նշեմ, որ բացի Ռուսաստանը, Ջուզեպեի ծառայություններով են հետաքրքրված նաև Ա սերիայի որոշ ակումբներ»,- ռուսաստանյան լրատվամիջոցները մեջբերում են Պաստորելոյին:
Ֆուտբոլիստի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ 25-ամյա Ռոսին չի ընդունի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի սահմաններից դուրս ակումբների առաջարկները:
2007 թվականին Ռոսին «Վիլյառեալ» է տեղափոխվել` «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Նրա տրանսֆերի դիմաց 10 մլն եվրո է վճարվել: Այս ընթացքում ֆուտբոլիստը 145 հանդիպումների է մասնակցել և 57 գոլ հեղինակել:









































