Երեկ Ազգային ժողովը քառօրյա նիստերի ավարտին քննարկեց 2011թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը:
Հիշեցնենք, որ այս փաստաթղթի համաձայն` եթե ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկը՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղազախստանը կամ Ղրղզստանը, ցանկանա իր երկրում տեղակայել ՀԱՊԿ անդամ չհանդիսացող որևէ երկրի կամ ռազմաքաղաքական միավորման ռազմական օբյեկտ կամ ենթակառուցվածք, ապա անպայման պետք է ստանա վերը նշված բոլոր երկրների համաձայնությունը: Եթե այդ երկրներից որևէ մեկը պաշտոնապես առարկություն ներկայացրեց, ապա մյուսը չի կարող իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրի ռազմական օբյեկտ: Իսկ եթե, այնուամենայնիվ, այս երկրներից մեկը ցանկանում է նման օբյեկտ տեղակայել իր տարածքում, նա դա կարող է անել ՀԱՊԿ-ից կամ արձանագրությունից դուրս գալու պայմաններում: Սակայն այս դեպքում էլ եթե խնդիրը հրատապ է, ապա ցանկությունը կարող է տապալվել, քանի որ արձանագրությունն այդ պրոցեսի համար 6 ամիս ժամկետ է սահմանել: Մի խոսքով այս արձանագրությունը կարող է ապագայում կատարյալ կապանք դառնալ մեր երկրի համար և խոչընդոտել ռազմական ոլորտում թե՛ տարածաշրջանային, թե՛ ավելի լայն ոչ միայն համագործակցությանը, այլև ՀԱՊԿ անդամ չհանդիսացող հարևան երկրներից օգնություն ստանալու անհրաժեշտությանը: Ընդ որում` արձանագրությունում հստակ սահմանված չէր, թե ինչ է նշանակում ռազմական օբյեկտ: Եվ եթե ՆԱՏՕ-ն ցանկանա Հայաստանում մեր երկրում իր զինվորների համար բացել հիվանդանոց, ապա ՀՀ-ն պետք նախ ՀԱՊԿ անդամ երկրների հետ պարզի` դա ռազմակա՞ն օբյեկտ է, թե՞ ոչ, իսկ դրանից հետո ստանա նրանց բոլորի համաձայնությունը և այսպես շարունակ:
ԱԺ-ում այս հարցը շատ կարճ քննարկում ունեցավ: Հարցեր տվեցին կամ տեսակետ արտահայտեցին միայն ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը և «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ընդհանրապես չմասնակցեցին քննարկմանը, իսկ ՀՀԿ-ից բոցաշունչ հարցեր ու ելույթներ ներկայացրեցին Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանն ու Խոսրով Հարությունյանը: Եվ այս համաձայնագրի առաջին ընթերցումն անցավ խորհրդարանական ուժերի մեծ մասի անտարբերության պայմաններում: Տեղի ունեցավ նաև մի զավեշտալի դեպք՝ երբ պատգամավորները հերթագրվում էին ելույթ ունենալու համար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նայելով հերթագրված ընդդիմադիր պատգամավորներին՝ ասաց «ջան-ջան-ջան»:
Իսկ Ն. Փաշինյանն, օրինակ, հետաքրքրվեց, թե եթե մի օր ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը և ցանկանա իր տարածքում տեղակայել նրա որևէ ռազմական օբյեկտ, նույնպե՞ս պետք է ստանա, ասենք Տաջիկստանի կամ Ղրղզստանի համաձայնությունը: Նախագիծը ներկայացնող փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը չցանկացավ առաջ ընկնել, քանի որ ՀՀ օրակարգում ԼՂՀ անկախության ճանաչման հարց չկա: «Եթե մեր ազգային շահերը պահանջեն, որ ԼՂՀ-ն մեզ մոտ տեղակայի ռազմակայան, այդ դեպքում կդիտարկենք այդ հարցը: Ո՞րն է ավելի գերակշռում, այս պարագայում այդպիսի խնդիր գոյություն չունի»:
Նախագծի հարակից զեկուցող հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ այս արձանագրությունը մեր երկրի անվտանգությունն ավելի կամրապնդի: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարող է դա բարձրացնել ՀՀ անվտանգությունը, երբ այն ակնհայտորեն սահմանափակում է ռազմական ոլորտում հնարավոր համագործակցությունը: Ա. Զաքարյանը, ճիշտ է, ինչ-որ մեկնաբանություն տվեց, բայց այդպես էլ չկարողացավ հստակեցնել, թե այն ինչով է ամրապնդելու ՀՀ անվտանգությունը: Նախկին արտգործնախարար Ա. Արզումանյանը խորհուրդ տվեց չշտապել վավերացնել արձանագրությունը: Նա կոչ արեց ավելի լավ մտածել, լրամշակել, հետո նոր քննարկել: «Պարոն Քոչարյանն ասաց, թե այս արձանագրությունը Սահմանադրությանը չի հակասում: Մենք սովոր ենք ՍԴ զավեշտալի որոշումներին: Արձանագրության մեջ գրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին: Սա նույնն է, որ ասես, թե այս տեքստը չի հակասում սարի սմբուլ երգի տեքստին: Այո, չի հակասում Սահմանադրությանը, բայց դրանից չի բխում, որ մեր շահերից է այս համաձայնագրին համաձայնություն տալը: Պարոն Քոչարյանը ենթատեքստում ասաց, թե կան խնդիրներ Միջին Ասիայի և Աֆղանստանի հետ կապված: Բայց սա մեր խնդիրը չէ, սա մեր մեծ բարեկամ, լավ ընկեր, ստրատեգիական պարտնյոր Ռուսաստանի խնդիրն է այդ տարածաշրջանի հետ: Չեմ կարծում, որ անհրաժեշտ է շտապել: Պետք է սպասել, մի քիչ մտածել և այս համաձայնագրին միանալ, երբ մտահոգող բոլոր հարցերը լուծում կստանան»,- հայտարարեց Ա. Արզումանյանը:
Նրա խոսքերով, այդ արձանագրությունը հակասում է ՀՀ ինքնիշխանությանը: Սա ևս մեկ քայլով զիջում է մեր սուվերենությունը, մեր անկախության հռչակագրին, մեր Սահմանադրության առաջին կետին իր ոգով և տառով հակասող թուղթ է: «Այդ իսկ պատճառով կոչ եմ անում բացասական եզրակացությամբ ուղարկել լրամշակման»,- եզրափակեց Ա. Արզումանյանը՝ հավելելով՝ որ ինքը դեմ է քվեարկելու:










































