Պակիստանի ոստիկանությունը Կարաչի քաղաքում հրդեհված ֆաբրիկայի սեփականատերերին մեղադրել է սպանության մեջ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ղեկավար Մուհամմադ Գոնդալին: Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով զոհվել էր 247 մարդ:
Ոստիկանապետի խոսքերով՝ ֆաբրիկայի սեփականատերերի և թոփ մենեջերների դեմ մեղադրանք է ներկայացվել սպանության և անտարբերության մեջ: Նման մեղադրանք ներկայացվել է նաև Կարաչիի վարչակազմի պաշտոնյաների դեմ, որոնք նույնպես պատասխանատու են աշխատակիցների անվտանգության համար: Գոնդալը նշել է, որ ողբերգությունից հետո ֆաբրիկայի ղեկավարներին ոչ ոք չի տեսել, և այժմ նրանք գտնվում են հետախուզման մեջ:
Հագուստի ֆաբրիկայում հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 11-ին, ընդ որում՝ հրդեհը չեն կարողացել մարել 15 ժամ: Աշխատակիցների մեծ մասը մահացել է, քանի որ առաջին հարկի պատուհանները փակված են եղել ճաղավանդակներով, ուստի մարդիկ չեն կարողացել դուրս գալ այրվող շենքից: Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ զոհերի թիվը 289 է, սակայն հետո BBC News-ն այդ թիվն իջեցրեց մինչև 247-ի: Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրաէներգիայի անսարքությունը:
Նույն օրը Պակիստանում տեղի էր ունեցել ևս մեկ խոշոր հրդեհ Լահոր քաղաքի կոշիկի ֆաբրիկայում, ինչի հետևանքով զոհվել էր 25 մարդ:








































