Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն անդրադարձել է Ռուսաստանի պլանավորած «Կովկաս 2012» զորավարժությունների խնդրին.
«ՆԱՏՕ-ն ցավում է, որ Ռուսաստանը տեղեկատվություն չի ներկայացնում Վրաստանին սահմանի մոտ Ռուսաստանի պլանավորած «Կովկաս 2012» զորավարժությունների վերաբերյալ: ՆԱՏՕ-ն դեմ չէ զորավարժությունների անցկացմանը, սակայն Ռուսաստանին թափանցիկության կոչ է անում:
Մենք զորավարժությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը համարում ենք փոխադարձ վստահության հիմք, քանի որ պետք է իմանանք, թե որն է զորավարժությունների նպատակը, երբ և որտեղ են դրանք անցկացվելու: Մենք որևէ տեղեկատվություն չենք ստացել Ռուսաստանից այդ մասին և խորապես ցավում ենք դրա համար:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, ապա յուրաքանչյուր երկիր իրավունք ունի դաշինքի մեջ մտնելու կամավոր որոշում ընդունել: Այդ պլանում մենք հենվում ենք 1999 թվականի ԵԱՀԿ-ի խարտիայի վրա, որը ստորագրել են եվրաատլանտյան տիրույթի երկրները: Հուսով եմ, որ Ռուսաստանը հիշում է այդ մասին:
ՆԱՏՕ-ին անդամակցել կամ չանդամակցելու հարցը Վրաստանի որոշելիքն է: Վրաստանն արդեն իսկ հաստատել է իր հետաքրքրությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ: 2008 թվականին Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշվեց, որ Վրաստանն անդամակցելու է ՆԱՏՕ-ին, եթե, իհարկե, նա կատարի անհրաժեշտ պայմանները»:










































