Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարարությանը 32100.0 եվրոյին համարժեք դրամ հատկացվեց՝ բավարարելու համար Եվրադատարանի՝ ՀՀ կառավարության դեմ կայացրած երկու վճռի պահանջները: Խոսքը վերաբերում է «Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի» և «Հակոբյանը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի» գործերին, որոնց վերաբերյալ Եվրադատարանը վճիռ է կայացրել այս տարվա ապրիլի 10-ին: Իսկ արդեն հոկտեմբերի 10-ը այն վերջնաժամկետն է, երբ կառավարությունը պետք է արդեն վճարած լինի այդ գումարները: Նշված գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն օրինական ուժի մեջ են մտել 2012 թվականի հուլիսի 10-ին:
Կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հայ դատավորների կայացրած սխալ վճիռների արդյունքում չտուժի Հայաստանի Հանրապետությունը:
«Այս գործերը 9-10 տարվա վաղեմություն ունեն և վերաբերում են վարչական կալանքներին: Մեր օրենսդրությունը հիմա փոխվել է, այդ դատավորներն այլևս չեն աշխատում, իսկ նոր դատավորների գիտելիքներն ավելի բարձր են: Մյուս կողմից` եթե վճիռը բեկանվեց, չպետք է անվերապահորեն մենք խոսենք այդ դատավորին պատժի ենթարկելու մասին: Այլ հարց է, երբ խոսքը ակնհայտ դիտավորության կամ կոպիտ սխալի մասին է»,- ընդգծեց նախարարը:
Ըստ նրա՝ Եվրադատարանում հաղթելը կամ պարտվելը միայն մեկ գերատեսչության խնդիրը չէ. այստեղ մի շարք գերատեսչություններ պետք է համակարգված աշխատանք տանեն:
Նախարարը նաև ընդգծեց, որ շատ երկրների համեմատ` Հայաստանից Եվրադատարան ներկայացված գործերի թիվն այնքան էլ մեծ չէ:











































