1,5 կարատ կշռող ադամանդը, որն օրեր առաջ չինացի զբոսաշրջիկ, 32-ամյա Չոու Վանը կուլ էր տվել Շրի-Լանկայի ոսկերչական ցուցահանդեսում, պարզվել է՝ կեղծ է: Այն կարողացել են հայտնաբերել զբոսաշրջիկին լուծողական տալուց հետո: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել մեկ այլ չինացու դեմ, որին տեսել էին ցուցահանդեսում Չոուի հետ: Նրան կասկածում են 13 հազար դոլար արժեքով իսկական ադամանդը գողանալու մեջ:
Facets Sri Lanka 2012 ցուցահանդեսի մասնակից Սուրեշ Վիջեկունին կասկածելի են թվացել երկու չինացի զբոսաշրջիկները, որոնք շատ մոտիկից ուսումնասիրել են իր ցուցատախտակի ալմաստները: Նրան նույնիսկ թվացել է, թե նրանք փորձում են փոխել իսկական քարը կեղծի հետ:
Մինչ Վիջեկունը կհասցներ ոստիկանություն կանչել, զբոսաշրջիկներից մեկը հասցրել է կուլ տալ 1,5 կարատանոց ադամանդը: Նրան տեղում ձերբակալել էին, սակայն մյուս զբոսաշրջիկին հաջողվել է թաքնվել:
Ոստիկանությունը շարունակում է իրական քարի որոնումը:







































