Թուրքական Samanyolu Haber կայքի փոխանցմամբ՝ BOTAŞ պետական խողովակաշարային ընկերությունը 186 միլիոն լիրա (1 դոլարը հավասար է 1.80 լիրայի) փոխհատուցում է վճարել ադրբեջանական կողմին՝ «վերցրու և վճարիր» սկզբունքով կնքված գազային համաձայնագրերի շրջանակներում: Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում եղած աղբյուրը:
Վերջինիս պնդմամբ՝ BOTAŞ-ն այդ գումարը վճարել է խոստացված, սակայն չգնված գազի դիմաց: BOTAŞ-ը նաև 1.4 միլիարդ լիրայի փոխհատուցում է վճարել Ռուսաստանին և 1.3 միլիարդ լիրա՝ Իրանին: 2011 թվականին BOTAŞ-ն ընդհանուր առմամբ ներկրել է ավելի քան 39.7 միլիարդ խորանարդ մետր գազ: 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է մոտ 32.5 միլիարդ խորանարդ մետր:
2011 թվականին Թուրքիայի ներքին շուկայում սպառվել է մոտ 39.4 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ 2010 թվականին՝ 31.5 միլիարդ խորանարդ մետր գազ: