Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Բելյավսկին ինքնասպան է եղել Մոսկվայում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմինների իր աղբյուրին:
Դերասանի մարմինը հայտնաբերվել է իր տան մուտքի մոտ: Նախնական վարկածի համաձայն՝ դերասանը բարձրացել է 5-րդ հարկ, թեև ապրել է 3-րդ հարկում, ապա ցած նետվել ու ինքնասպան եղել: Հինգերորդ հարկում հայտնաբերվել է նաև նրա ձեռնափայտը:
Interfax-ի տեղեկություններով՝ դերասանը ինքնասպան է եղել Մոսկվայի ժամանակով ժամը 13:15-ին: Ժամը 13:27-ին դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցները, որոնք արձանագրել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
ITAR-TASS-ը գրում է նաև, որ գուցե դերասանը պատահաբար է վայր ընկել. բացել է լուսամուտը՝ մաքուր օդ շնչելու ու կորցնելով հավասարակշռությունը՝ վայր է ընկել:
Բելյավսկուն համընդհանուր սեր ու ճանաչում բերեց «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում Ֆոքսի դերը: Դերասանը խաղացել է հարյուրավոր ֆիլմերում:
Նկարահանվել է «Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Հուլիսյան անձրև» ու շատ այլ ֆիլմերում:
Դերասանը 2003թ. կաթվածի հետևանքով կորցրել էր խոսելու կարողությունը: Կաթվածից հետո բացառություն արվեց միայն «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի սիքվելի համար, որտեղ ծանր հիվանդ դերասանը խաղաց էպիզոդիկ դերում:










































