Պակիստանի դատարանը սեպտեմբերի 7-ին վճիռ է կայացրել ազատ արձակել 12-ամյա քրիստոնյա աղջկան՝ Ռիմշա Մասիհին, որը ձերբակալվել էր Ղուրանը ծաղրելու համար: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, դատավոր Մուհամմադ Ահամ Խանի որոշմամբ, երեխային ազատ են արձակել 10,400 դոլար գրավի դիմաց: Աղքատ երեխայի համար գրավը վճարել են ունևոր բարերարները:
Քրիստոնյա երեխայի գործում այս շրջադարձը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ոստիկանությունը գործի գլխավոր վկային կասկածել է կեղծ վկայություն տալու մեջ:
Երեխան ձերբակալվել է օգոստոսի վերջին: Ոստիկանության հաղորդմամբ՝ դա արվել է նրա իսկ ապահովության համար, քանի որ տեղի մուսուլմանները պատրաստվում էին վրեժ լուծել նրանից «սուրբ տեքստը ծաղրելու» համար: Նախնական մեղադրանքի համաձայն՝ Ռիմշան աղբանոցն է գցել կիսով չափ այրված Ղուրանի թերթիկները:
Բժիշկների պնդմամբ՝ Ռիմշան տառապում է դաունի ախտանիշով և չի կարող ադեկվատ կերպով արձագանքել իր շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
Այդ դեպքը Պակիստանում մեծ արձագանք է գտել: Երեխային աջակցությամբ հանդես են եկել կրոնական փոքրամասնությունների, երեխաների, ինչպես նաև դաունի ախտանիշով հիվանդների պաշտպանները:
Պակիստանի օրենքների համաձայն՝ Մուհամմադ մարգարեին վիրավորելու համար մահապատիժ է հասնում, իսկ Ղուրանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար՝ ցմահ ազատազրկում:











































