Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի կիսապաշտպան Կակայի մասին: Բրազիլացի ֆուտբոլիստը ներկայումս չի ընդգրկվում թիմի հիմնական կազմում:
«Այն, ինչ կատարվում է Կակայի հետ, տեղի է ունենում նաև այլ ֆուտբոլիստների հետ, ում չի հաջողվում ցուցադրել լավագույն խաղային որակները: Ավելի վաղ նրանք ֆանտաստիկ ֆուտբոլ էին ցուցադրում: Կական «Ռեալ» է տեղափոխվել վնասվածքով: Մրցաշրջանի ընթացքում նա խնդիրներ ուներ, ինչն ազդում էր նրա խաղի վրա:
Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ ես ասում էի, որ ինձ համար խնդիր չէ, եթե Կական շարունակի հանդես գալ «Ռեալ»-ում: Նա գիտակցում էր, որ իրեն բարդ խնդիր է սպասվում, քանի որ մեր թիմում շատ հզոր ֆուտբոլիստներ կան:
Կական ընդունեց այդ մարտահրավերը: Ներկայումս նա ջանասիրաբար մարզվում է: Հուսով եմ` մեզ կհաջողվի տեսնել, թե ինչպես է բրազիլացի ֆուտբոլիստը ցուցադրում իր լավագույն խաղային որակները: Հեշտ չի լինի, բայց Կական կստանա իր շանսը, և ես վստահ եմ, որ նա օգտակար կլինի թիմին»,- ասել է Մոուրինյոն:








































