Ինչպես արդեն տեղեկացրել էինք ավելի վաղ, այսօր Մարկո Պոլո սրճարանի շրջակայքից ոստիկանության աշխատակիցները` Կենտրոնի ոստիկանապետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ, բերման էին ենթարկել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի տասը ներկայացուցիչների, ովքեր իրազեկում էին մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը:
Բերման ենթարկված երիտասարդներն էին` Մարիամ Մուրադյանը, Հերմինե Մաթևոսյանը, Տաթևիկ Պողպատյանը, Սարգիս Գևորգյանը, Սարգիս Ղազարյանը, Արեգ Գևորգյանը, Սերգեյ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Գուրգեն Ասատրյանը և Հովհաննես Քիրամիջյանը:
Մինչև ուշ երեկոյան երիտասարդները Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում էին: Այնտեղ էին հավաքված ՀԱԿ ներկայացուցիչներն ու համակիրները, որոնց հետ ըստ մեր տեղեկությունների ոստիկանության ներկայացուցիչները մի քանի անգամ հրմշտոց հրահրեցին: Ավելի քան երեք ժամ ոստիկանության բաժանմունքում պահվելուց հետո` Մարիամ Մուրադյանը, Հերմինե Մաթևոսյանը, Տաթևիկ Պողպատյանը ազատ արձակվեցին, իսկ տղաներին տարել էին նարկոդիսպանսեր, ապա նորից` ոստիկանության բաժանմունք:
Տաթևիկ Պողպատյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ բերման ենթարկելու ժամանակ տղաների նկատմամբ բռնություն է կիրառվել, իսկ ոստիկանությունում արդեն շտապ օգնության մեքենան բավական ուշ` մեկ ժամ ուշացումով է ժամանել: Մի քանի րոպե առաջ «Առաջին լրատվականը» տեղեկացավ, որ ազատ են արձակվել նաև տղաները:








































