ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նեղսրտած չէ ընդդիմադիր գործընկերների հանդիմանանքից, որ ՀՀ իշխանությունները, պետական ապարատն անտեղյակ են եղել Հունգարիայի և Ադրբեջանի հանցավոր համաձայնությունից: «Ամեն ինչ կարելի է ասել, ամեն ինչ կարելի է շահարկել, բայց սա այդ խնդիրը չէ: Պետք է միահամուռ լինենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նա` հավելելով. «Ընդդիմություն է, պիտի էդպես ասի. բա ինչպե՞ս ասի: Էլ չեմ ասում, որ մարդիկ մտածում են, որ նույնիսկ եթե 10 օր առաջ իմացվեր, ինչն անհնար էր, և հանրության համար արդեն պարզ լիներ, ընդդիմությունն անպայման պիտի «գրադները» առած հարձակվե՞ր, որ գործարքը չանեին»:
Նրա կարծիքով` մեղավորներ և արդարներ չպիտի փնտրենք. «Այլ գործընթացում այնպիսի ներկայացում ունենանք, որպեսզի հնարավոր լինի հետագա գործողություններն իրագործել»: Թերթը հետաքրքրվեց` իշխանությունները դաս քաղեցի՞ն կատարվածից: «Իշխանությունները դաս քաղելու խնդիր չունեն: Իշխանություններն այն ռեզերվները, որ ունեն, ամեն ինչը տրամադրել են ԼՂՀ խնդրի և տվյալ խնդիրների լուծման համար: Սա իշխանությունների քաղաքական օրակարգի ամենօրյա, ամենժամյա խնդիրն է: Այստեղ պետք է տեսնել նաև ընդդիմադիր կողմին ու հայ հասարակությանը»,- եղավ պատասխանը:










































