Քաթարի թագավորական ընտանիքի անդամ և իսպանական «Մալագա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Աբդուլ ալ-Տանին չի պատրաստվում թողնել թիմը, ավելին՝ ցանկանում է նոր ներդրումներ անել «Մալագա»-ում՝ չնայած այս ամռանն ունեցած ֆինանսական որոշ խնդիրներին: Շեյխի որոշմամբ՝ ակումբի նոր դասակարգն այսպես է՝ Վիսենտե Կասադոն՝ գլխավոր տնօրեն, Մարիո Ուսիլյոսը՝ թիմի նախկին ֆուտբոլիստը՝ սպորտային տնօրեն:
«Մենք մեծ ներդրումներ ենք արել այս ակումբում ու չենք պատրաստվում հետ քաշվել: «Մալագա»-ն, հակառակ տարածվող լուրերի, չի վաճառվում: Ուղղակի մենք ավելի հավասարակշիռ ներդրումներ ենք արել՝ ի շահ ակումբի»,- ասել է փոխնախագահ Մոայատա Շատատը:
Հիշեցնենք, որ այս ամռանը թիմը լքեցին մի շարք ֆուտբոլիստներ, օրինակ՝ Սանտի Կասորլան, Սալոմոն Ռոնդոնը, Ռուդ վան Նիստելռոյը, որն ընդհանրապես ավարտեց կարիերան:
Հատկանշական է, որ այդ ամենից հետո ակումբը շատ լավ մեկնարկեց Իսպանիայի Լա լիգան՝ երեք խաղից հետո վաստակելով 7 միավոր: Թիմը հիմա զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:








































