Դամասկոսում վիրավորված հայերի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:
Նա նշեց, որ իրեն ևս շատ դժվարությամբ է հաջողվում կապ հաստատել Սիրիայի հետ, բայց ըստ իր ունեցած տեղեկությունների` վիրավորված երեք հայերի առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ զոհի մասին հաստատ չկարողացավ որևէ տեղեկություն հաղորդել, քանի որ նրա ինքնությունը կամ հայ լինելը այնքան էլ պարզ չէ:
Շահան Գանդահարյանը Սիրիայի հետ կապ է հաստատել երեկ, և, ըստ նրա, երեկվա տվյալներով` իրավիճակը բավական հանգիստ է եղել, թեև որոշ աղմուկ լսվում էր: Նրա կարծիքով՝ հնարավոր է` վերսկսվեն նաև չվերթները դեպի Հալեպ, քանի որ այսօր նման լուրեր էին շրջանառվում:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը երկու օր առաջ լրատվամիջոցներից մեկին տեղեկացրել էր, որ Սիրիայի մայրաքաղաքի հայաբնակ Ջարամանա թաղամասում պայթյունի հետևանքով զոհվել է մի հայուհի` Լուսաբեր Յակուբյանը, ևս երեք հայեր վիրավորվել են։











































