Իտալական Il Legno Storto պարբերականն անդրադարձել է օգոստոսի 27-ին Բուլղարիայի ու Ռուսաստանի միջև կնքված «գազային համաձայնագրին»:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը մասնակի կրճատումներով.
«Գազի գնի իջեցումը ավելի շատ նշանակություն ունի, քան Եվրամիության ընդհանուր հետաքրքրությունները: Օգոստոսի 27-ին Բուլղարիան ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ ստորագրեց համաձայնագիր իր երկրի տարածքում «Հարավային հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ, որը նախագծված էր Կրեմլի կողմից` նպատակ ունենալով ուղղակիորեն գազ հասցնել Հարավարևելյան Եվրոպայի երկրներ ու շրջանցել Մոսկվայի քաղաքական հակառակորդներին (Ռումինիա, Մոլդովա, Ուկրաինա)`անհնար դարձնելով Եվրոպական հանձնաժողովի կողմից միջինասիական հանքերի շահագործման ծրագիրը:
Ինչպես հաղորդվում է պաշտոնական նոտայում, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսանդր Մեդվեդևը Բուլղարիայի էկոնոմիկայի, էներգետիկայի և տուրիզմի նախարարության հետ ենթակառուցվածքի կյանքի կոչման համաձայնագիր է ստորագրել: Մասնավորապես, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել բուլղարական տարածքով «Հարավային հոսք» գազատարի անցկացման հստակ ուղու տեխնիկական երթուղու վերաբերյալ:
Բուլղարական կառավարության որոշումը պայմանավորված էր «Գազպրոմի»` գազի գնի սահմանված զեղչերով, որը Սոֆիան ներմուծել է 2012թ. ապրիլից:
Ինչպես հաղորդել է էկոնոմիկայի, էներգետիկայի ու տուրիզմի նախարարը Դելյան Դոբրևը, Բուլղարիան ստացել է 11% զեղչ, որը կգործի մինչ նոր տարվա սկիզբը:
Օրբանի էներգետիկ եվրոպաիզմը
Բուլղարիայի վարքագծին հակառակ դիրքորոշում է ցուցադրել Հունգարիան, որի վարչապետ Վիկտոր Օրբանը ձգտում է իրականացնել էերգետիկ ոլորտի ուղղակի վերահսկողություն` խուսափելու համար Ռուսաստանի անուղղակի հսկողությունից, ինչպես դա տեղի էր ունեցել Գերմանիայի, Սլովակիայի ու Սլովենիայի դեպքում:
Հունգարիան կատարել է համարձակ քայլ, սակայն շուտով կբախվի «Գազպրոմի» էներգետիկ շանտաժին, որը կարող է ԵՄ-ի հետ էներգետիկ պլանի պատճառով բարձրացնել գազի սակագինը:
Եվրոպան բաժանելու նպատակով գազամատակարարումը քաղաքական զենք օգտագործելը Մոսկվայի առօրյա գործելաոճն է:
Այսօր կապույտ վառելիքի համար ամենաթանկ գինը վճարում են այնպիսի երկրներ, որոնք հակադարձում են Կրեմլի քաղաքականությանը (Լեհաստան, Լիտվա), իսկ Եվրամիության սահմաններից դուրս` Մոլդովան ու Ուկրաինան»:
Թարգմանությունը՝ Կարմեն Ղուկասյանի









































