Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը ողջունել է Քեթրին Էշթոնի ու Շտեֆան Ֆյուլեի՝ երեկ տարածած համատեղ հայտարարությունը, որն առնչվում էր ԵՄ-ի ու Վրաստանի միջև հարաբերություններին և Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իշխող կուսակցության մամլո քարտուղար Չիորա Տակտակիշվիլին. «Մենք ողջունում ենք այդ հայտարարությունը, որում ընդգծված է ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանի գրանցած առաջընթացը: Դա հերթական անգամ վկայում է, որ ԵՄ-ը ճանաչում է Վրաստանում կարևոր, այդ թվում՝ նաև ժողովրդավարական բարեփոխումների իրագործումը:
Հայտարարության մեջ միանշանակ ընդգծվում է, որ Վրաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը կրում է ոչ միայն կառավարությունը, այլև՝ ընդդիմությունը: Նշված է, որ նախընտրական շրջանում կուսակցությունները չպետք է դիմեն բռնությունների, լարվածություն, ատելություն հրահրեն: ԵՄ-ը քաղաքական բոլոր կուսակցություններին կոչ է անում ենթարկվել ընտրական օրենսդրության պահանջներին»:






































