Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին մեկնաբանել է օրեր առաջ Թեհրանում տեղի ունեցած Չմիավորման շարժման 16-րդ գագաթաժողովը:
«Գագաթաժողովի հաջող անցկացումը, միջադեպերի բացակայությունը, հեղինակավոր լիդերների ներկայությունը և ամփոփիչ փաստաթղթի միաբերան ընդունումն ի ցույց դրեցին Իրանի հզորությունն ընդհանրապես և իրանական դիվանագիտության հեղինակությունն ու մակարդակը մասնավորապես:
Թեհրանյան գագաթաժողովը ողջ աշխարհին ի ցույց դրեց Իրանի կարևորությունն ու պոտենցիալը և նրա դիվանագիտության հնարավորությունները: Գագաթաժողովի շրջանակներում անցկացվել է ամենաբարձր մակարդակի 63 հանդիպում: Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին բարձրաստիճան հյուրերի հետ անցկացրել է 18 հանդիպում, իսկ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանդիպել է 15 օտար ներկայացուցիչների հետ:
Անգամ արևմտյան մամուլը չկարողացավ լռել նշված փաստերի մասին և ընդգծեց Իրանի դիվանագիտական հաջողությունները: ԱՄՆ-ը ապակառուցողական ջանքեր գործադրեց՝ փորձելով խափանել գագաթաժողովի անցկացմանը, սակայն դրանք ձախողվեցին»,- ասել է Սալեհին:









































