ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ նշել է, որ հիսաթափվել է իր կուսակցության որդեգրած մարտավարությունից. «Ժառանգությունը» որդեգրել է ինձ համար խորթ քաղաքականություն: Այն մեթոդները, որ կարող է օգտագործել որևէ խոշոր կուսակցություն` իրեն կարող են քննադատել, դատապարտել և այլն, դա նրան չի սասանում, չպիտի օգտագործի փոքր կուսակցությունը, դա ինձ համար օտար մեթոդիկա է»: Տիկին Ալավերդյանը նաև ափսոսանքով է նկատել, որ թերևս պետք էր պահպանել «փոքրերի» միակ զենքը` ազնվորեն բոլոր երևույթներին արձագանքելը:
Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը վստահեցրեց, որ Լարիսա Ալավերդյանը իր այդ կարծիքը «Ժառանգության» քաղաքականության մասին մշտապես է ասել. «Նախընտրական շրջանում նա իր այդ դիրքորոշումը շատ հստակորեն ասել է կուսակցության ներսում, ինչպես նաև իրեն իրավունք է վերապահել ասել դա նաև հրապարակավ»: Թերթը պարոն Սաֆարյանից հետաքրքրվեց` Դուք է՞լ եք կիսում այդ տեսակետը, համաձա՞յն եք նրա հետ: Նա պատասխանեց. «Ի գիտություն եմ ընդունում բոլոր տեսակետները և գտնում եմ, որ դեռևս ժամանակ կա համոզվելու, թե որքանով ճիշտ որոշումներ ենք կայացրել գոնե նախընտրական շրջանում: Այս կապակցությամբ ես թերևս ժամանակի քննությանը կսպասեմ: Ոչ երկար ժամանակով, բայց բոլոր դեպքերում կսպասեմ` համոզվելու համար, թե որ տեսակետն էր ճիշտ, այնուամենայնիվ»:
«Ժառանգություն» կուսակցության մեկ այլ անդամի` Անահիտ Բախշյանի դիտարկմամբ` «Լարիսան ազատ է մեկնաբանությունների մեջ, ինքը կուսակցության անդամ չէ: Ես կուսակցության անդամ եմ: Ես նաև մասնակցել եմ այդ քվեարկություններին, կողմ եմ եղել, թե ձեռնպահ, բայց մասնակցել եմ: Այսինքն՝ կուսակցությունն ինչ որոշում կայացրել է` ես դրան մասնակցել եմ: Հետևաբար ես չեմ կարող այդ գնահատականները տալ, ինչ տիկին Լարիսան: Ես ինչ-որ տեղ համաձայն չեմ այնքանով, որքանով ես դրան մասնակից եմ»: Ինչ վերաբերում է Լարիսա Ալավերդյանի այն կարծիքին, որ պետք էր պահպանել փոքր կուսակցությունների միակ «զենքը»` ազնվորեն բոլոր երևույթներին արձագանքելը, տիկին Բախշյանը չհամաձայնեց. «Բոլոր երևույթներին էլ արձագանքում է, ուղղակի ինքը երևի նկատի ունի «Վահե Ավետյան» հասարակական շարժումը, «Ժառանգությունն» արձագանքել է իր հայտարարություններով: Բայց առաջ դա մենք այլ ձևով էինք անում: Հիմա առանձին-առանձին կուսակցության կողմից հայտարարություն է արվում, այնպիսի տպավորություն է, որ կուսակցությունից գնացող չլինի: Առաջ այդպես չէր»:
«Առավոտ»-ի դիտարկմանը, որ առաջ «Ժառանգությունը» առաջին գծում պայքարողներից է եղել` Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Հիմա էլ: Ես էլ եմ գնացել, Ստյոպան էլ է գնացել, Զարուհին էլ է գնացել, բայց` առանձին-առանձին: Թիմը, թիմային աշխատանքը չի երևում, որովհետև խմբակցությունը հիմա այլ կորիզ ու այլ անդամներ ունի: Սա է տարբերությունը, իսկ փոքր կուսակցությանը հատուկ ազնվություն ասելով` ինքը նկատի ուներ անցած 5 տարիներին մեր խմբակցության վարքը` Ազգային ժողովում: Այսօր չգիտենք` կարո՞ղ է նույնը լինի, կապրենք` կտեսնենք»:









































