ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկկողմանի բանակցություններ են անցկացնելու, որի գլխավոր թեման լինելու է Սիրիայում հակամարտության կարգավորումը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
«Պետքարտուղարը հանդիպելու է Լավրովի հետ: Սիրիան եղել է նրանց բանակցությունների հիմնական թեմաներից մեկը մի տարվա ընթացքում, և ես կարծում եմ, որ այն կշարունակի մնալ այդպիսին գալիք բանակցություններում»,- հայտարարել է Նուլանդը:
Այցը Ռուսաստան և սեպտեմբերի 8-9-ին Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցությունը կդառնան Քլինթոնի շրջագայության վերջին կետերը, որի ընթացքում նա նաև կայցելի Չինաստան և Ինդոնեզիա:
Ինչպես ակնկալվում է, պետքարտուղարը կքննարկի նաև առևտրի, լիբերալիզացման, մթերային անվտանգության և «կանաչ» տեխնոլոգիաների հետ կապված հարցեր:
Քլինթոնը և Լավրովը կքննարկեն նաև ռուս-ամերիկյան երկկողմանի համագործակցության շատ հարցեր:











































