Շաբաթ օրը վարչապետ Տիգրան Սարգսյանը առողջապահության բնագավառին առնչվող խնդիրների հետ կապված խորհրդակցություն էր անցկացրել ոլորտի պատասխանատուների հետ: Վարչապետը դժգոհել էր, որ այս տարի անցած տարվա համեմատ այդ ոլորտում «աճի միտումները նվազել են 4,4 տոկոսով»` այն դեպքում, երբ իր իսկ խոսքերով, «առողջապահության ոլորտում բավականին լուրջ միջոցառումներ են իրականացվել ծառայությունների ավելացման և ստվերի նվազման նպատակով»:
Տ. Սարգսյանը բավականին կոշտ էր արձագանքել այդ խորհրդակցության ժամանակ: «Նախորդ տարվա համեմատ ֆինանսավորումը չի պակասել, բացի այդ` ներդրվել է ապահովագրական մեծ փաթեթ: Այս կարևոր գործոններն առկա են ՀՆԱ-ի աճին նպաստելու համար… Բյուջեի ֆինանսավորումն ավելացրել ենք, ծառայություններից օգտվողների ծավալն ավելացրել ենք, վճարումը բյուջեից սոցիալական փաթեթի համար կատարվում է, լկտիաբար ցույց են տալիս, որ ծառայությունները քչացել են: Այդպես ոնց կարող է լինել: Աբսուրդ է դա, այդպիսի բան չի կարող լինել: Ուրեմն` ստվերայնությունն է ավելացել: Ուրեմն` պետք է հիվանդանոց առ հիվանդանոց մտնենք ստուգումներ իրականացնենք»,- խորհրդակցության ժամանակ զայրացած ասել էր Տ. Սարգսյանը:
Նա նաև ավելացրել էր, որ առողջապահության ոլորտում ստվերային շրջանառությունը հասնում է 70-80 մլրդ դրամի: Այն, որ առողջապահության ոլորտում ստվերը բավականին մեծ է և խորը, վարչապետից ու այդ ոլորտի պատասխանատուներից զատ, կարող է վկայել ՀՀ ցանկացած քաղաքացի: Եվ բացի վարչապետի թվարկած բյուջետային ու ապահովագրական միջոցներից, այդ ոլորտը կլանում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սեփական բյուջեի ահռելի մասը: Առողջապահության ոլորտում տարեցտարի ու ամսեամիս աճող գները երբեմն սնանկացնում, նույնիսկ անօթևան են դարձնում մարդկանց: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հիվանդանոցներում հիվանդներին երբեմն ստիպում են վճարել շատ ավելի ծառայությունների համար, քան անհրաժեշտ է իրենց բուժման համար: Տարբեր տեսակի «խիստ անհրաժեշտ» ստուգումների համար շատ հաճախ ահռելի գումարներ են շորթում հիվանդներից: Գաղտնիք չէ, որ հիվանդանոցներում գոյություն ունի ներքին պայմանավորվածություն, որ իրենց ձեռքն ընկած հիվանդին «պաս տան» տարբեր մասնագետների, իբր թե նրան զննում են «բազմակողմանիորեն»: Հանուն արդարության արժե նշել, որ այդ ստվերային և շորթվող գումարները հոսում են ոչ թե բժիշկների, այլ բուժհիմնարկների սեփականատերերի գրպանները: Նշենք նաև, որ միջազգային ու տեղական տարբեր վիճակագրություններ ու մոնիտորինգներ նույնպես վկայում են, որ մեր երկրի առողջապահությունն ամենակոռումպացված ու ստվերային շրջանառություն ունեցող ոլորտներից է:
Այս ամենը միշտ հայտնի է եղել թե՛ առողջապահության ոլորտի պատասխանատուներին, թե՛ ՀՀ քաղաքացիներին, առավել ևս` ՀՀ իշխանություններին: Բայց հետաքրքիր է, թե ինչու է վարչապետը հիմա հիշել այդ ոլորտում առկա ստվերի մասին ու նման խիստ հանձնարարականներ է տալիս: Քաղաքական շրջանակներում տարբեր մեկնաբանություններ են հնչում այս առումով: Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները պարտավորվել են այս տարվա համար ապահովել 7 տոկոս տնտեսական աճ: Այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է նոր կառավարության առաջին` հունիսի 18-ի նիստում: Վերջերս նաև մամուլում հրապարակում էր եղել, թե Հայաստանի օլիգարխները և խոշոր գործարարները հակավարչապետական «կոալիցիա» են ստեղծել, որը մտադիր է հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը համաձայնի պաշտոնանկ անել Տ.Սարգսյանին: Եվ որպես նախազգուշացում, գործարարները որոշել են տապալել իշխանությունների 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու պլանը: Հայտնի է նաև, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր քննադատության թիրախն ուղղել է Տ. Սարգսյանի դեմ: Անցած շաբաթ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, թե Տ. Սարգսյանի պաշտոնանկության ցանկացած ձևաչափ իրենց կողմից ողջունվում է:
Այնպես որ, չի բացառվում, որ առողջապահության ոլորտի հետ կապված վարչապետի կոշտ հայտարարությունները որոշ առումով պատասխանում էին այս հայտարարություններին: Հիշեցնենք, որ ԲՀԿ անդամ, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանին է պատկանում Հայաստանի ամենահզոր բուժհաստատություններից մեկը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնը: Մյուս կողմից էլ` դժվար թե վարչապետն ինքնուրույն այդպիսի հայտարարություն աներ: Կարծիք կա, որ առողջապահության ոլորտում անընդհատ խորացող ստվերի վրա ուշադրություն դարձնելու հրահանգ է եղել նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Այդ կարծիքների համաձայն` 2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ Ս. Սարգսյանը ցանկանում է տնտեսության բոլոր ոլորտներում որոշակի բարելավում իրականացնել, որպեսզի կարողանա իր նկատմամբ ձևավորել դրական վերաբերմունք: Չէ՞ որ տնտեսության 7 տոկոսանոց այդ ցանկալի աճը որքան Տ. Սարգսյանին, նույնքան էլ իրեն է անհրաժեշտ: Այնպես որ, չի բացառվում, որ կառավարությունն այսուհետ որոշի ստուգումներ անցկացնել տնտեսության բոլոր ոլորտներում:
Հավելենք նաև, որ Տ. Սարգսյանն իր խոսքում ասել էր, թե մարզային փոքր հիվանդանոցն ավելի շատ է հարկ վճարել, քան Երևանի հզոր բուժհիմնարկը: Ո՞ր բուժհիմնարկը նկատի ուներ նա: Կառավարության և Առողջապահության նախարարության լրատվական ծառայություններն առայժմ հրաժարվեցին այդ մասին կոնկրետ տեղեկություններ տալուց: Իսկ այդ խորհրդակցության ժամանակ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հայտարարեց, թե որոշ հիվանդանոցներում աշխատավարձերը չեն վճարում: Տ. Սարգսյանին ու Գ. Խաչատրյանին հիշեցնենք, որ մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել, որ Մաշտոցի պողոտայի հարևանությամբ գտնվող 2-րդ բուժմիավորումն արդեն մի քանի տարի է, ինչ բժիշկներին աշխատավարձ չի վճարում՝ նրանց թողնելով հիվանդների բարեհաճության հույսին: Որոշ տեղեկությունների համաձայն` այդ հիվանդանոցը պատկանում է գեներալ Սեյրան Սարոյանին: Իսկ թե էլ որ հիվանդանոցը աշխատավարձ չի վճարում, դա էլ կիմանա ՊԵԿ նախագահն ինքը, և հավանաբար հանրությանն այդ մասին տեղյակ կպահի իր ստուգումներից հետո:
Ավելացնենք նաև, որ Տ. Սարգսյանը հանձնարարել է և Գ. Խաչատրյանն ու առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն էլ խոստացել են, որ այսուհետ բոլոր հիմնարկներում մոնիտորինգ են իրականացնելու, որպեսզի հայտնաբերեն այդ ոլորտում առկա ստվերը: Թե դա որքանով կհաջողվի մեր պատկան մարմիններին կամ կհաջողվի՞ ընդհանրապես, պարզ կդառնա առաջիկայում հարկային հաշվետվությունների մեջ: Պարզապես հիշեցնենք, որ Երևանի յուրաքանչյուր խոշոր բուժհաստատության հետևում կանգնած է իշխանությունների հովանավորությունը վայելող որևէ օլիգարխ:









































