ՌԴ-ն փորձում է դառնալ աշխարհի բևեռներից մեկը. սա է եվրասիականության նշանակությունը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը` անդրադառնալով Եվրասիական նախագծին և ակնկալիքներին:
Նա նշեց, որ այս միության ստեղծման գաղափարը ստրատեգիական հայեցակարգ է, որի քննարկման ոչ ձևը, ոչ բովանդակությունն իրեն դուր չի գալիս, քանի որ այն զգացմունքային է և բևեռված: Ըստ նրա՝ Արևմուտքն արդեն կուսական տեսք ունի, իսկ Արևելքի տեսքը պարզ չէ:
«Եվրասիականության գաղափարը ռուսական գիտաքաղաքական մտքի ճյուղերից մեկն է: Սա այն տեսակետն է, որով բոլշևիզմը Ռուսաստանում հաղթեց և դարձավ իմպերիա, որն էլիտայի գիտակցության մեջ շատ խորն է նստած: Ռուսաստանը փորձում է դառնալ աշխարհի բևեռներից մեկը այն սխեմայով, ինչ կար Ցարական Ռուսաստանի ժամանակ:
Ես կարծում եմ` հարցը այս տեսանկյունից պետք է քննարկել: Ռուսաստանի ազդեցության ոլորտը պետք է համընկնի խորհրդային տարածքին»,- մեկնաբանեց Լևոն Շիրինյանը՝ հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, այս գաղափարը, իրագործվելու դեպքում, իր ետևից քարշ կտա նույնիսկ Ուկրաինային, Բելառուսին:
Բանախոսի համոզմամբ՝ ՀՀ-ում Ազգային անվտանգության խորհրդին կից պետք է ստեղծվի փորձագիտական խումբ, և քննարկվեն ՀՀ-ի մանևրելու հնարավորությունները, որի ժամանակ կքննարկվեն նաև այս գաղափարի վնասներն ու առավելությունները:
«Հայկական կողմը ուշադրությամբ պետք է հետևի զարգացումներին: Պետք է մեջտեղ բերվի Նախիջևանի հարցը` որպես հայկական հարցի բաղադրիչ»,- նկատեց բանախոսը:











































