Պատմական փաստերի աղավաղման փոխարեն` Ֆրանսիան պետք է ավելի շատ ջանքեր գործադրեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը:
Aksam օրաթերթը տեղեկացնում է, որ մեկնաբանելով երկուշաբթի թուրքական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ Ֆրանսիայում դպրոցական դասագրքերում ներառվելու է Օսմանյան կայսրության կողմից` «հայերի մտացածին ցեղասպանության» մասին բաժին` Բաղըշը նշել է, որ Թուրքիան հուսով է` Ֆրանսիան նման սխալ թույլ չի տա:
«Ֆրանսիան պետք է իր պատմությունը ուսումնասիրի և Թուրքիային առնչվող փաստերն աղավաղելու փոխարեն`ավելի շատ ջանք գործադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է նախարարը:










































