Այսօր «Առաջին լրատվական»-ն ահազանգ ստացավ, որ քաղաքի սրտում` «Վերնիսաժում», ծառեր են հատվում կառուցապատման նպատակով: Ահազանգի հետքերով «Առաջին լրատվական»-ը «Վերնիսաժում» զրուցեց շինարարության պատասխանատուի հետ, ով վստահեցրեց, որ ծառեր չեն հատվել, այլ իրականացվել են բարեկարգման աշխատանքներ:
Իր հերթին արվեստագետ, ժող.վարպետ Էդուարդ Ավդալյանը, ով «Վերնիսաժում» իր ստեղծագործություններն է ցուցադրում և վաճառում, «Առաջին լրատվական»-ին ասաց, որ ծառերի էտումներն անհրաժեշտ են մեր քաղաքին, դրանք պարբերաբար իրականացվում են քաղաքի տարբեր հատվածներում: «Ընդհանրապես բոլոր ծառերը պետք է ունենան էտումներ, որպեսզի ծառն ավելի թարմանա, այստեղ էտումներ են կատարվում և չոր ավելորդ ճյուղերն են էտվում, քանի որ այստեղ սննդի օբյեկտներում դրանք թափվում են սննդի վրա: Այստեղ ինչ որ կատարվում է՝ ծառին վնաս չի տալիս, այլ՝ օգուտ: Մաքրվել են չոր ճյուղերը, մարդիկ թող հիմքից կտրված ծառերի համար ահազանգեն, մարդիկ չպետք է անհանգստանան, «Վերնիսաժում» կանաչապատումը վտանգված չէ»,- նկատեց արվեստագետը` շարունակելով, որ այստեղ մարդիկ ստեղծում են իրենց պատմությունը` վերակենդանացնելով:
Նա նաև նշեց, որ այդ հատվածում ոչինչ չի կառուցվում, այլ ծածկ է ամրացվում քամիներից և ձնից պաշտպանելու նպատակով: Էդուարդ Ավդալյանը վստահ ասաց, որ «Վերնիսաժում» քարե շինություններ չկան և չեն լինի:











































