Մոտ ժամանակներս գրախանութների վաճառասեղաններին կհայտնվեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներընտանեկան հարաբերություններին նվիրված գրքեր, մասնավորապես` նրա երկու ընկերուհիներին` Ֆրանսիայի ներկայիս առաջին տիկին Վալերի Թրիերվեյլերին և Օլանդի երեխաների մորը` նախագահի նախկին թեկնածու Սեգոլեն Ռուայալին,- գրել է Էլիզաբետա Ռոզասպինան Corriere della Sera թերթի այսօրվա համարում:
Արդեն 2 օրից Ելիսեյան պալատի տիրոջ անձնական կյանքով հետաքրքրվողները կկարողանան ձեռք բերել գիրքը, որի շապիկին կլինի Ֆրանսիայի ներկայիս նախագահ Օլանդը` Վալերի Թրիերվեյլերի և Սեգոլեն Ռուայալի ընկերակցությամբ: «Երկու կրակների արանքում»՝ այսպես է վերնագրված գիրքը, որը գրել են լրագրողներ Աննա Կաբանան և Էն Ռոզենշերը:
Հրատարակությունը հայտնում է, որ երեքշաբթի լույս կտեսնի ևս մեկ գիրք` «Նախկինը» վերնագրով, որի հեղինակն է Nouvel Observateur-ի գլխավոր թղթակից Սիլվեն Կուրաժը: Այն նվիրված է Սեգոլեն Ռուայալին` նախագահի նախկին թեկնածուին, Օլանդի նախկին ընկերուհուն, Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության նախկին ղեկավարին: Հոկտեմբերին լույս կտեսնի «Վալերի Թրիերվեյլեր, իշխանության սիրտը» գիրքը, որի հեղինակներն են RMC-ի գլխավոր թղթակից Քրիստոֆ Ժակուբիսզինը և France 2 հեռուստաալիքի լրագրող Ալիքս Բուիլագեն:








































