Ֆլորիդայում վերահաս «Իսահակ» փոթորկի պատճառով հարյուրավոր ավիաչվերթներ են հետաձգվել: Ներկայում նահանգի հարավում գրանցվել են քամու կտրուկ ուժգնացում և տեղատարափ անձրևներ: Առաջիկա ժամերին «Իսահակը» կարող է հասնել փոթորկի ուժի:
Նահանգի ավելի քան 8000 բնակիչ մնացել է առանց էլեկտրականության: Մայամիի միջազգային օդանավակայանում ավելի քան 550 չվերթ է հետաձգվել:
Ներկայում փոթորկի ներքո է Ֆլորիդա-Քիզ կղզիների շրջանը: Էպիկենտրոնում քամու առավելագույն ուժգնությունը հասնում է 95 կմ/ժամի: Փոթորիկը 26 կմ/ժամ արագությամբ շարժվում է հյուսիս-արևմուտք:
Ինչպես սպասվում է, չորեքշաբթի այն կուժեղանա` հասնելով Սաֆիր Սիմփսոնի 5 բալանոց սանդղակի վտանգավորության երկրորդ աստիճանին, և կշարժվի ԱՄՆ հարավային ափի ուղղությամբ: Փոթորկի մասին նախազգուշացվել է Մեքսիկական ծոցի ողջ հյուսիսային հատվածին: Դադարեցվել է նավթ և գազ արդյունահանող պլատֆորմների մեծամասնության աշխատանքը:









































