Նյու Յորքի ոստիկանությունը շաբաթ օրը հաստատել է, որ նախօրեին Empire State Building երկնաքերի մոտ ոստիկանների և հանցագործի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով տուժածները վիրավորվել են իրավապահների կողմից: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Պատահարը տեղի էր ունեցել ուրբաթ առավոտյան: Ոստիկանության տեղեկատվության համաձայն` 53-ամյա Ջեֆրի Ջոնսոնը փողոցում մոտեցել է այն ընկերության փոխնախագահին, որի աշխատակիցը մի ժամանակ եղել է ինքը, և ոչ մի բառ չասելով` կրակել է նրա գլխին:
Սպանությունից հետո նա փորձել է թաքնվել, սակայն գրավել է ոստիկանության ուշադրությունը: Նկատելով ոստիկաններին` Ջոնսոնը պայուսակից հանել է ատրճանակը, որից հետո ոստիկանները կրակ են բացել` չնայած փողոցում անցորդներ են եղել:
Փոխհրաձգության հետևանքով Ջոնսոնը սպանվել է:
Նյու Յորքի ոստիկանության ղեկավարի խոսքով` ոստիկաններից մեկը կրակել է յոթ անգամ, իսկ մյուսը` ինն անգամ, որի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել ինը մարդ: Հաղորդվել է նաև, որ տուժածներից վեցը հիվանդանոցից դուրս են գրվել նույն օրը երեկոյան, իսկ մյուս երեք վիրավորները շարունակում են բուժման կուրսը: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:







































