Այսօր «Հայոց Արծիվներ» կազմակերպությունը տոնում է միանգամից մի քանի առիթ: Նախ` կազմակերպության «Հայոց արծիվներ» վերանվանման մեկ տարին (նախկինում այն կոչվում էր «Սյունյաց Արծիվներ»), Սուրբ Սարգիսի տոնը, ՀՀ անկախության 20-ամյակը և Սերժ Սարգսյանի նախագահության երեք տարին:
Այս ամենը տոնելու համար այսօր Երևան էին եկել կազմակերպության անդամները Հայաստանի տարբեր մարզերից:
Միջոցառումը մեկնարկեց Մատենադարանի մոտ: Կազմակերպության նախագահ, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը ներկայացրեց կազմակերպության «ազգային, պետական գաղափարախոսությունը»: Միջոցառումը ավարտվեց Հանրապետության հրապարակում` շուրջպարով:
«Հայոց Արծիվների» Գավառ քաղաքի մասնաճյուղի նախագահ Խաչիկ Գևորգյանի խոսքով, իրենք կազմակերպում են հիմնականում ռազմահայրենասիրական, բնապահպանական միջոցառումներ:
«Մեր կարգախոսն է հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ»,- ասում է Գևորգյանը:
Գևորգյանի խոսքով, կազմակերպությանը կարող են անդամագրվել բոլորը` անկախ քաղաքական կողմնորոշումից: «Մենք անկախ ենք և չենք հարում որևէ քաղաքական կուսակցության»,-հավաստիացնում է նա:
Լուսանկարները` PanArmenianPhoto-ի: