Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային կարճատև շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում: Շրջայցի շրջանակում քաղաքապետը կանգ է առել Սմբատ Զորավարի (Մախլուտո) անվան փողոցում և ծանոթացել այն շենքի արտաքին և ներքին պայմաններին, որտեղ 1950-1956 թթ. բնակվել է մեծ հայդուկապետը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը զրուցել է շենքի բնակիչների հետ, տեղեկացել առկա խնդիրներին և տեղում հանձնարարել է համապատասխան օղակների ղեկավարներին հնարավորին կարճ ժամկետում բարեկարգել շենքի արտաքին տեսքը, ինչպես նաև եռահարկ շենքի բոլոր աստիճանահարթակները: Քաղաքապետի նախաձեռնությամբ` ելնելով բնակիչների անվտանգության ապահովման առաջնահերթությունից, ամբողջովին կամրացվեն նաև շենքի արտաքին պատշգամբներն ու մուտքը:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև մայրաքաղաքի համալիր բարեկարգման ծրագրում ներառել այս փողոցի ասֆալտապատման աշխատանքները ևս: Պատասխանատուները խոստացել են աշխատանքները կատարել սեղմ ժամկետներում: