Ավան թաղամասի հրապարկներից մեկում ավարտին մոտեցավ «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի կողմից կազմակերպած ակցիան ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Վահե Ավետյանի դեպքը համեմատեց մի քանի տարի առաջ տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության հետ: Ըստ նրա՝ ինչպես առաջին դեպքում վկաներն անհետացան, այնպես էլ այս դեպքում, որը ցույց է տալիս մարդկանց ստրկամտությունը և գաղութային բարքերը:
«Ամո՛թ քեզ, ամո՛թ մեզ, ամո՛թ ինձ: Դեպքը ցույց է տալիս, որ չունենք քննություն, որը ևս գաղութային իրավիճակին բնորոշ երևույթ է: Մեզ մղում են ինքնադատաստանի, որովհետև չկա օրենքի կիրառում»,- հստակեցրեց իր միտքը Հրանուշ Խառատյանը:
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշեց, որ պայքարելու են մինչև վերջ մինչև պատասխան տան մեղավորները, իսկ Գարեգին Չուքասզյանը նկատեց, որ վտանգի են ենթարկվում երկրի ազգային անվտանգությունը, որովհետև սպանվել է Հայոց բանակի սպան, ռազմական բժիշկը:
Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցածը դատապարտեց Լարիսա Ալավերդյանը:
Ակցիայի ավարտին Ավանի բնակիչներից մեկը շենքից ձու նետեց ակցիայի մասնակիցների ուղղությամբ:
Այս պահին Ավանի հրապարկը, որտեղ հնչեց մոմավառության վերջին նոտան, դատարկ է:











































