Այսօր լրանում է հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժանաբար ծեծի ենթարկված և հունիսի 29-ին մահացած Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանի մահվան քառասունքը: Այս կապակցությամբ «Վահե Ավետյան» հասարակական շարժումը մոմավառություն էր նախատեսել նրա մահվան պատճառ հանդիսացած խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում:
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում մոմավառությունը նպատակին հասցնելու նպատակով հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ` իրավապաշտպաններ, մշակութային գործիչներ, ակտիվիստներ և պարզապես քաղաքացիներ` պահանջելով համարժեք պատիժ Հարսնաքարում տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորներին:
Հինգ րոպեից ամբողջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի երկայնքով կվառվեն մայոր Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմերը, քանի որ ոստիկանությունը խիստ հսկողություն է սահմանել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մուտքի խաղահրապարակի և ավտոկայանատեղի հատվածում:
Ինչպես իր խոսքում տեղեկացրեց «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանը. «այսօրվա ակցիան բաղկացած է լինելու երկու մասից. առաջինը մոմավառություն է, երկրորդը` երթն է Ավան թաղամասի Բաբաջանյան փողոցով:
Ըստ Չուքասզյանի` բողոքի ակցիա է նախատեսվում անցկացնել նաև Ռուբեն Հայրապետյանին պատկանող առանձնատան մոտ, որտեղ իրենց ելույթներով հնարավորություն կունենան հանդես գալ ակցիայի մասնակիցները:





Լուսանկարները՝ PanARMENIAN Photo-ի







































