Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի համախոհների փախուստի ավելի հաճախակի դարձող դեպքերը վկայում են, որ վարչակարգն աստիճանաբար փլուզվում է: Այս մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը՝ մեկնաբանելով Սիրիայի վարչապետ Ռիյադ Հիջաբի փախուստը Հորդանան:
«Փախուստի այդ դեպքերը ցույց են տալիս, որ վարչակարգը փլուզվում է և կորցնում է իշխանությունը՝ նկատի ունենալով, որ գնալով ավելի շատ զինվորականներ և պաշտոնյաներ են անցում ընդդիմության կողմը: Մենք կոչ ենք անում մյուսներին միանալ նրանց որպես Ասադի սարսափելի գործողությունները չընդունելու նշան և օգնել նոր ճանապարհ ստեղծել Սիրիայի համար՝ խաղաղ, ժողովրդավարական, ընդգրկուն և արդար»,- ասել է Վենտրելը:
Պետքարտուղարության ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ գնալով ավելի շատ պաշտոնյաներ կանցնեն ընդդիմության կողմը, և դա ի վերջո կհանգեցնի անցումային կառավարության ստեղծման: Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ այս պահին հնարավոր չէ կանխատեսել, թե որքան ժամանակ կպահանջվի Ասադի տապալման համար:











































