Սիրիական խնդիրը, գլոբալ, միջազգային քաղաքականության հարթությունից բացի, փաստորեն լակմուսի թուղթ դարձավ հայաստանյան հարթության վրա՝ պետական քաղաքականության կենսունակության տեսանկյունից: Խոսքը այն մասին չէ, որ Հայաստանը պետք է ինչ-ինչ քայլեր ձեռնարկեր սիրիական հարցում դերակատարություն ունենալու կամ ազդեցություն ունենալու համար: Խոսքը, իհարկե, սիրիական խնդրի զուտ հայկական հատվածի մասին է, եթե կարելի է այդպես բնորոշել սիրիահայության խնդիրը: Ընդ որում, այդ հատվածը բաղկացած չէ միայն այն մասից, թե ինչպես պետք է Սիրիայի հայերին տեղափոխել Հայաստան, որպեսզի նրանք ապահով տեղում լինեն: Այսինքն, միայն օդանավ ուղարկել չուղարկելու, տոմսերը բարձրացնելու, վիզաների եւ անձնագրերի հարցերը դյուրացնելու մասին չէ խոսքը: Դրանք կարևոր հարցեր են և հասարակության բողոքից, ակտիվ պահանջներից հետո իշխանությունը ձեռնամուխ եղավ դրանց լուծմանըʽ գոնե որոշ չափով, թեև զգալիորեն ուշացած:
Բայց, այդ հարցերից զատ կարևոր է սիրիահայերի հայաստանյան ինտեգրման խնդիրը, որով Հայաստանի իշխանությունը կարծես թե չի զբաղվում, պատրաստ չէ զբաղվելու: Բանն այն է, որ Սիրիայի մեր հայրենակիցները, գալով Հայաստան, չեն ստանում համակարգված որևէ օգնություն: Մինչդեռ, օդանավակայանում նրանց թերևս պետք է դիմավորեին հոգեբանները և սոցիալական ծառայությունների ներկայացուցիչներըʽ առաջարկելով իրենց օգնությունը: Թող սիրիահայերը հրաժարվեին դրանցից, գուցե շատերի համար կարիք չկա նման բաների; Բայց, եթե անգամ կա մեկ մարդ, ով ունի ասենք հոգեբանական օժանդակության կարիք, նա պետք է հենց տեղում, անհապաղ, առանց այս և այն կողմ ընկնելու ստանա այդ ծառայությունը: Ի վերջո, մարդիկ թողնում են իրենց տունն ու տեղը և գալիս Հայաստան, հայրենիք՝ բայց միանգամայն նոր միջավայր, մտածողության և մշակույթի միանգամայն այլ հարթություն, չգիտեն, թե ինչ կլինի իրենց թողած տան հետ, ունեցվածքի հետ: Չէ՞ որ այդ ամենը հոգեբանական ծանր վիճակի մեջ է դնում մարդուն և նա ունի օգնության կարիք, նա գուցե ինքն էլ չի պատկերացնի, որ կարող է այդպիսի օգնության կարիք ունենալ, և միայն այն ստանալուց հետո կզգա դրա բարերար ազդեցությունն իր վիճակի վրա: Չէ՞ որ այդ հոգեվիճակից է նաև զգալիորեն կախված հայրենիքում այդ մարդկանց համալիր ինտեգրման խնդրի լուծումը:
Ինչ վերաբերում է սոցիալական ծառայություններին, ապա հենց օդանավակայանում սիրիահայերը պետք է ստանան դրանք, պետք է լինեն կետեր, որոնց կարող է Հայաստան ժամանած սիրիահայը մոտենալ այդ պահին և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, խորհրդատվություն, նաև կոնկրետ ծառայություններ, սնունդ, առաջին մի քանի օրը գիշերելու հնարավորություն և այլն: Սա պետք է լիներ համակարգվածության այն նվազագույն արտահայտումը, որին պետք է տիրապետի ցանկացած քիչ թե շատ հասուն, իրեն և իր քաղաքացիներին հարգող պետություն:
Այդ իմաստով, առկա իրավիճակը, Հայաստան ժամանած մեր շատ հայրենակիցների դժգոհությունը ուղղակիորեն վկայում են, որ Հայաստանը որպես պետություն բացարձակապես ունակ չեղավ անգամ այդ նվազագույն խնդիրները լուծելուն, այդ պահանջները բավարարելուն, և սա այն դեպքում, երբ սիրիահայերի հոսքը Հայաստան առայժմ չափվում է հարյուրներով և հազարներով ու դեռևս ոչ տասնյակ հազարներով: Թեև, միգուցե շատերը հենց դրա համար էլ չեն կամենում գալ Հայաստանʽ գիտենալով, որ այստեղ իրենք հայտնվելու են անուշադրության կենտրոնում:









































